Վերջին շրջանում՝ հատկապես ռուս-ամերիկյան հրադադարի հաստատման վերաբերյալ հայտարարությունից հետո, Սիրիայի շուրջ ռազմաքաղաքական նոր իրողություն ստեղծվեց: Սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել իրանագետ Կարեն Մկրտչյանը:
Ըստ բանախոսի՝ այդ փաստաթուղթը Թուրքիայի ռազմական գործողությունները դեպի Սիրիա կասեցնելու նշանակություն ունի, ավելին՝ այն զսպաշապիկի դեր ունի:
Մկրտչյանի կարծիքով՝ այդ կարևոր փաստաթղթի ստորագրումից հետո իրանական կողմն այն ողջունեց՝ միաժամանակ իր մտահոգությունը հայտնելով այն հարցի շուրջ, որ բոլոր հրադադարների հաստատումը չէ, որ տանում է դեպի հաշտեցում: Բացի այդ, իրանական կողմն ընդգծել էր, որ հրադադարի հաստատումը չպետք է չարաշահվի տարածաշրջանում՝ մասնավորապես Սիրիայում զինված ուժերի և զինտեխնիկայի նոր տեղաշարժերի կատարմամբ:
-Իրանական կողմը յուրօրինակ կերպով կրկին փորձում է Անկարային հասկացնել, որ զենքի մատակարարումը սիրիական ահաբեկչական խմբերին՝ տվյալ դեպքում ԻՊ-ին և նրանց կից նոր ահաբեկչական կազմավորումներին անթույլատրելի է և այդ ամենը պետք է բխի միջազգային այս փաստաթղթից,- ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ այդ փաստաթուղթը, որ ստորագրվել է երկու ռազմաքաղաքական հզոր պետությունների կողմից, ավելի ծանրակշիռ նշանակություն ունի և հեռանկարի առումով տարածաշրջանում խաղաղության որոշակի հիմքեր ստեղծելու հույսեր է ներշնչում:
Vesti.am