Foto

Հովիկ Աբրահամյանը քավության նոխազն է

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի և դրանից հետո սպասվող զարգացումների մասին Vesti.am-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Ի՞նչ գնահատական կտաք Հովիկ Աբրահամյանի հրաժարականին:

-Ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» գործողությունից հետո Սերժ Սարգսյանը ինչ–որ փոփոխություն պետք է իրականացներ, քանի որ հասարակության դժգոհությունը, իսկապես, չափազանց մեծ է: Նա պետք է փորձեր քայլեր իրականացնել, որպեսզի մինչև 2017 թ. խորհրդարանական ընտրություններ իրավիճակը, կարծեք թե, վերահսկելի դաշտում պահվեր: Ես Ենթադրում էի, որ նմանատիպ փոփոխություն կարող է լինել. ճիշտն ասած ակնկալում էի մի փոքր ավելի ուշ՝ սեպտեմբերի 21-ից հետո, բայց, երևի թե, ժամանակը ստիպում է, որ գործընթացն ավելի արագացվի: Ակնհայտ է, որ այդ գործը կազմակերպելու համար պետք էր մի անձնավորություն, որը քավության նոխազ կդառնար, և դա եղավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

-Ի՞նչ կարող է փոխել նոր կառավարությունը:

-Նոր կառավարությունը ոչինչ չի կարող անել, որովհետև մեզ մոտ խնդիրը համակարգային է: Համակարգը բացառապես հիմնված է մի մեթոդաբանության վրա՝ այն է՝ մի քանի ընտանիք պետք է գերշահույթ ունենան: Թե ով կլինի վարչապետ՝ բացարձակ կապ չունի, առավել ևս, Կարեն Կարապետյանը, որը համակարգի վառ ներկայացուցիչներից մեկն է: Ուստի և, սպասել, որ ինչ-որ փոփոխություն կլինի՝ այդպես չէ: Կարեն Կարապետյանը, կարծում եմ, նաև այլ պատճառով կարող է նշանակվել: Ապրիլյան սրացումից և «Սասնա ծռերի» գործողությունից հետո Հայաստանում ինքնիշխանության, Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ դժգոհությունները խիստ մեծացել են և այդ տրամադրություններն ու իշխանությունների գործողությունները վերահսկելի դարձնելու, ինչպես նաև աշխատանք տանելու համար, որպեսզի նոր խորհրդարանում ապահովվի «մեծածավալ պրոռուսական» ներկայությունը, Կարեն Կարապետյանը կարող է հարմար անձ լինել: Այսինքն, եթե նշանակվի Կարեն Կարապետյանը, ապա Հայաստանում նշանակվելու է ոչ թե վարչապետ, այլ Ռուսաստանի նահանգապետ կամ «наместник»:

-Ինչպե՞ս եք վերաբերում «ազգային համաձայնության» կառավարության ձևավորմանը:

-Նախ դա գողացված գաղափար է: Վերջին տարիների ընթացքում և՛ «Ժառանգությունը», և՛ «Հիմնադիր խորհրդարանը», և՛ «Սասնա ծռերը» ասում են, որ Հայաստանին պետք է ժողովրդի վստահության կառավարություն: «Ազգային համաձայնության» կառավարություն չի կարող լինել, դա որևէ կապ չի ունենալու ժողովրդի հետ: Այսինքն, այն չի լինելու ժողովրդի, պետության շահերը սպասարկող կառավարություն: «Ազգային համաձայնության» կառավարությունը կարող է տարբեր կուսակցություններից կազմված լինել: Կուսակցություններից, որոնք նախկինում եղել են տարբեր կոալիցիաների մեջ:

Vesti.am