Foto

Էրդողան-Պուտին հանդիպման ընթացքում քննարկումներ կանցկացվեն «Թուրքական հոսք» նախագծի և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, հայտնում է «Haber 7»-ը: Նշվում է, որ նրա մասնակցության որոշումը կայացվել է վերջին պահին:

Նախագահների հանդիպմանն իր մասնակցությունն է ծրագրել նաև  Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Մինիխանովը, հայտնում է «ProKazan»-ը:

Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկումներ կանցկացվեն, մասնավորապես, «Թուրքական հոսք» նախագծի շուրջ, որը դադարեցվել էր երկու երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամի պատճառով:

Նախագահների բանակցությունների գլխավոր թեման է լինելու նաև Սիրիայում տիրող իրավիճակը:

«Росбалт»-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումից առաջ ուժեղացվել են անվտանգության  միջոցառումները:

Հստակեցվում է, որ կենտրոնական փողոցներում հերթապահում են ոստիկանության աշխատակիցները, փակ է Լիգովյան պողոտան:

Vesti.am