Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում էլեկտրատեխնիկը բռնել է բնակելի շենքի 8-րդ հարկից ընկնող չորս տարեկան երեխային: Այդ մասին «Интерфакс-Урал» գործակալությանը հայտնել են ոստիկանությունից:
Աղջիկը գանգուղեղային վնասվածքով, ուսոսկրի փակ կոտրվածքով հոսպիտալացվել է: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Ոստիկանությունը պարզել է, որ օգոստոսի 4-ին կինն իր դստերը մանկապարտեզից տուն է տարել, կերակրել է, հեռուստացույցը միացրել և, փակելով բոլոր պատուհաններն ու դռները, աշխատանքի է գնացել՝ խանութ, որը գտնվում է տան մոտակայքում: Կինը աղջկա մոտ է թողել բջջային հեռախոսը և ժամանակ առ ժամանակ զանգել է նրան:
Տանը միայնակ մնացած երեխան որոշել է պատուհանից դուրս գալով գնալ մոր հետևից, քանի որ բնակարանի դուռը փակ է եղել: Երբ աղջիկն արդեն կանգնած է եղել պատուհանագոգին, նրան տեսել է բակում շան հետ զբոսնող տղամարդը: Քիչ անց աղջիկը պատուհանագոգից գլխիվայր ընկել է, սակայն տղամարդը կարողացել է բռնել երեխային:
Եկատերինբուրգի ներքին գործերի վարչության ղեկավարությունը մտադիր է խիզախության համար պարգևատրել միջադեպի ժամանակ ձեռքի կոտրվածք ստացած տղամարդուն:
Vesti.am