Foto

«Մուզեոն» արվեստի պուրակում «Ծիրանատոնին» մասնակցել են ավելի քան երեսուն հազար մոսկվացի և հյուրեր

Ավանդական «Ծիրանատոնը» Ռուսաստանի հայերի միության շնորհիվ ընդգրկված է Մոսկվայի կարևոր իրադարձությունների օրացույցում և  արդեն երրորդ տարին անընդմեջ այն անցկացվում է ՌԴ նախագահի Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Մոսկվայի կառավարության, մշակույթի նախարարության և Ազգությունների դաշնային գործակալության աջակցությամբ:

«Ծիրանատոնը» ժամանակակից հասարակությունում նպաստում է հարաբերությունների ներդաշնակությանը և տարբեր ժողովուրդների մշակութային ու ազգային ավանդույթների ներկայացման հաջողված հարթակ է: Ըստ կազմակերպիչների՝ այդպիսի ներկայացումը պետք է ընթանա տոնական մթնոլորտում, որտեղ տիրում է ուրախություն, երջանկություն և արևոտ տրամադրություն:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել՝ Մոսկվայի ազգային, միջտարածաշրջանային հարաբերությունների և զբոսաշրջության հարցերով դեպարտամենտի վարչության ղեկավար Վ. Չերնիկովը, Ազգությունների դաշնային գործակալության պետի տեղակալ Մ. Իպատովը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը,   Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեայի նախագահ Ս. Սմիռնովը,  Հանրային պալատի անդամ Կ. Զատուլինը, քաղաքագետներ՝ Տ. Տրետյակովը և Ա. Միհրանյանը, ազգային-մշակութային ինքնավարությունների և կազմակերպությունների ղեկավարներ Ս. Կանդիբովիչը, Ե. Միխալյովան, Վ. Հոմերիկին, Ի. Շաբանովը, հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներ Ա. Արաբյանը և Յուրա Նավոյանը,  «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Ռուսաստանի ավելի քան 45 շրջանների վարչության նախագահներ և այլք:

«Ծիրանատոնը» միավորում է մեզ և բարու, համերաշխության, բարեկամության, համաձայնության ու խաղաղության մթնոլորտ է ստեղծում: Այս ամենը շատ կարևոր է բազմազգ Մոսկվայի համար, քաղաք որի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման հարցերին»,- ընդգծել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի՝ «Ծիրանատոնի» մասնակիցներին հղած ուղերձում ասվում է.

«Հայաստանը միշտ ուժեղ է եղել իր ավանդույթներով, պահպանել է հարուստ հոգևոր ժառանգություն և ամրապնդել է սերունդների կապը: Թող Հայաստանի ինքնատիպ մշակույթը լիարժեք ներկայանա ձեզ և մեկընդմիշտ հաճելի ու պայծառ հիշողություններ ու տպավորություններ պարգևի ձեզ»:

Տոնի բազմաթիվ այցելուները ջերմորեն ողջունեցին քաղաքային կառավարության նախագահ Վլադիմիր Չերնիկովի ներկայացուցչին: Նա ընդգծել է, որ Մոսկվան պատմականորեն ռուսական պետության ձևավորման և բազմաթիվ ազգերի, լեզուների, մշակույթների և ընդհանուր հոգևոր ու բարոյական արժեքների, հայրենասիրության գաղափարների միասնականության կենտրոնն է, որի բազմազգ լինելը հզոր գործոն է դարձել հասարակական զարգացման համար:

«Մեր մայրաքաղաքի յուրահատկությունն իր բազմազգ լինելու մեջ է, քանի որ այս տարածքում խաղաղության և համաձայնության պայմաններում ապրում է  160 ազգության ներկայացուցիչ և յուրաքանչյուր ազգ կարողանում է պահպանել իր ինքնությունը, շնորհիվ նմանատիպ միջոցառումների, որոնց ուրախությամբ աջակցում է Մոսկվայի կառավարությունը», - նշել է Վ. Չերնիկովը:

Այդ օրը, հատկապես խորհրդանշական էր Առնո Բաբաջանյանի «Աշխարհի լավագույն քաղաք», երգի կատարումը՝ նվիրված Ռուսաստանի մայրաքաղաքին, իսկ բեմում մեծանուն հայ կոմպոզիտորի որդու՝ Արայիկ Բաբաջանյանի հայտնվելն աննկարագրելի հույզերի առիթ դարձավ:

Վերջերս, պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում ազգամիջյան հարաբերություններին և ողջունում է այն միջոցառումները, որոնք նպաստում են դրանց ամրապնդմանը: Այդ օրը, կազմակերպիչներին և հյուրերին ողջույնի ուղերձ է հղել Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, ով, բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության նախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման գործում անձնական ներդրումները ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամբողջ Ռուսաստանում:

Տոնի գլխավոր հերոսը՝ ծիրանն է: Այդ քաղցր պտուղը հնագույն ժամանակներից անքակտելիորեն կապված է Հայաստանի հետ: Համաձայն լեգենդի, ծիրանի առաջին կորիզը Նոյը գտել է Արարատ լեռան լանջերին: Հենց ծիրանափայտից է պատրաստված յուրահատուկ և հնագույն երաժշտական գործիք դուդուկը:

Հայաստանում ծիրանն ամռան,  շոգի, արևի և բարության խորհդանիշն է: Եվ այդ դրական մթնոլորտը պատել էր «Մուզեոնի» ամբողջ տարածքը, որտեղ բոլոր հյուրերին քաղցր և հասած ծիրան էին հյուրասիրում: Ի դեպ, այդ ծիրանը վաղ առավոտյան, տոնի մեկնարկից մի քանի ժամ առաջ հատուկ չվերթով Երևանից տեղափոխել էին Մոսկվա:

Իր ելույթում, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը շնորհավորել է փառատոնի կազմակերպիչներին և հյուրերին: Նա ընդգծել է, որ բացի հասած ծիրանից, հանդիսության հիմնական խորհրդանիշը ռուս և հայ ժողովրդի միջև եղած հրով ու սրով թրծված բարեկամությունն է:

«Այս հայկական տոնն արդեն երրորդ անգամ է Մոսկվայում կազմակերպվում Ռուսաստանի հայերի միության կողմից:

Շատ մեծահասակներ (ռուս և հայ), երեխաներ, պարեր, երգ ու ծիրան՝ միրգ, որը հայերը համարում են իրենց խորհրդանիշը (ինչպես նաև նուռը): Ծիրանը բաժանվում էր բոլորին և անսահմանափակ:

Իսկ Հայաստանը Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցն է (ինչպես և հակառակը),  չնայած փոքր թյուրիմացությունների և մեծ խարդավանքների», - իր բլոգում «Ծիրանատոնից» հետո գրել է Վիտալի Տրետյակովը:

«Ծիրանատոնի» մշտական հյուրն է Ռուսաստանի ժողովուրդների Ասամբլեայի նախագահ Սվետլանա Սմիրնովան: Նա խոստովանել է, որ ամեն անգամ ներկա գտնվելով տոնին հիանում է տիրող մթնոլորտով: Չէ՞ որ համաձայնությունն ու ընկերությունը  «Ծիրանատոնի» անքակտելի մասն են:

Ամբողջ օրվա ընթացքում տասնյակ հրապարակներ, միաժամանակ հյուրեր էին ընդունում: Գլխավոր բեմում վաղ առավոտից մինչ ուշ գիշեր ելույթ էին ունենում՝ գեղարվեստական խմբեր, Մոսկվայի ազգային համայնքների և Ռուսաստանի տարբեր մարզերի դերասաններ ու պարային խմբեր:

Վարպետության դասեր, սպորտ, նարդու, շախմատի, շաշկու և դոմինոյի մրցաշարեր:

Չէին ձանձրանում նաև այգու երիտասարդ այցելուները. սեղանի խաղերից ոչ հեռու գտնվում էր անիմատորներով և կրկեսային դերասաններով մանկական խաղահրապարակը: Ռուսաստանի հայերի միությանը կից գործող Մոսկվայի հայկական թատրոնը (ղեկավար Սլավա Ստեփանյան), հատուկ «Ծիրանատոնի» համար վերածվել էր տիկնիկային թատրոնի՝ մանկական ներկայացում ցուցադրելով  ամենացանկալի հյուրերի համար:

Մինչև երեխաները դիտում էին «Երեք խոզուկ» ներկայացումը, մեծահասակները շրջում էին տոնավաճառային հատվածով, որտեղ ներկայացված էին հայկական գորգեր, խեցեղեն, կտավներ, տարազներ և նույնիսկ իսկական բրուտագործական անիվ, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող էր պատրաստել կավե ծաղկաման, իհարկե, պրոֆեսիոնալի օգնությամբ:

«Արևելյան շուկա» տոնավաճառում ներկայացված Հայաստանի ապրանքները հատուկ հաջողություն էին վայելում: Հայկական խոհանոցի ցանկացած սիրահար կարող էր իր ճաշակին համապատասխան անուշեղեն գտնել:  Այստեղ ներկայացված էր գրեթե ամեն բան՝ ղարաբաղյան «ժինգյալով հացից» մինչև ավանդական արևմտահայկական գաթա:

Մինչդեռ, տոնի գլխավոր բեմում  երգն ու պարը չէին դադարում: Համերգը տևել է ութ ժամ: Կենդանի ձայն, պարեր, ծով հույզեր և դրական լիցքերի մեծ ալիք: Այդ ամենը հանդիսատեսին տեղափոխում էր տարբեր տարածաշրջաններ, երկրներ, դարաշրջաններ: «Ծիրանատոնին» հանդես եկան հայկական, ռուսական, դաղստանյան, ղրղզական, չուվաշական, վրացական, տաջկական, հրեական և այլ երկրների արվեստը ներկայացնող արվեստագետներ և համույթներ:

Ակնհայտ է, որ տարեցտարի այս տոնի ժողովրդականությունն աճում է: «Ծիրանատոն-2016»-ին օրվա ընթացքում այցելել է ավելի քան երեսուն հազար մարդ: Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունն արդեն նոր ծրագրեր ունի: Հաջորդ տարի նրանք «Ծիրանատոնը» համառուսական են դարձնելու: Ռուսաստանի հայերի միության նախագահ և ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների նախագահության խորհրդի անդամ Արա Աբրահամյանի այս գաղափարին աջակցում են ինչպես Ռուսաստանի Հայերի միության տարածաշրջանային մասնաճյուղերի նախագահները, այնպես էլ երկրի ղեկավարությունը:

«Ծիրանատոնը» գնալով դառնում է էլ ավելի պայծառ ու մասշտաբային՝ ձեռք բերելով նոր սահմաններ: Բայց ինչպես էլ տոնը փոփոխվի, այն պահպանում է իրեն բնորոշ հատկանիշները՝ հայկական առատաձեռն հյուրընկալություն, հրապարակայնություն և կիսվելու պատրաստակամություն: Յուրքանչյուրի համար տոնից ստացած դրական զգացողությունները նույնքան անմոռանալի են, որքան հասած հայկական ծիրանի համը:

Vesti.am