Foto

«Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ». Լավրով

Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ, բայց մանրամասները բացահայտելը դեռ վաղ է: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, հայտնում է «ТАСС»-ը:

«Մենք հիմքեր ունենք կարծելու, որ այս անգամ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան երբևէ»,- ասել է նա:

Ընդ որում՝ ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները չի բացահայտի:

«Հասկանալի պատճառներով հրապարակայնորեն չենք քննարկում այն գաղափարների մանրամասները, որոնք քննարկվում են հանդիպման շրջանակում: Երեք երկրների առաջնորդները հունիսի 20-ի հանդիպումից հետո հատուկ պայմանավորվել են, որ զգույշ կվերաբերվեն հույսի այն ծիլերին, որոնք հայտնվում են: Ոչ թե ինչ-որ բան թաքցնում ենք, այլ բանակցություններում դա էթիկական նորմ է»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:

«Երեկ քննարկումներ են եղել նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկել ենք երկկողմանի հարաբերություններն ու հետագա քայլերը, որոնց շնորհիվ աճ կգրանցեք ԼՂ հարցի կարգավորման գործում»,-ասել է Լավրովը:

Vesti.am