Foto

«Հավատում եմ քո հաղթանակին». ՀՖՖ նախագահի ընտրություններում Արթուր Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում իր աջակցությունն է հայտնել հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանին։

«Չնայած կարիերայիս վերջին մասն անցկացրել եմ Շվեյցարիայում, երբեք անտարբեր չեմ եղել ու չեմ կարող լինել հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների նկատմամբ:

Ես ինքս հայկական ֆուտբոլի սան եմ, խաղացել եմ Հայաստանի հավաքականում, եղել եմ թիմի մարզիչը, ներսից տեսել նաև ֆեդերացիայի լավ ու վատ կողմերը:

Ես շատ մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ և արդար պայքարի պայմաններում։

Ես շատ լավ եմ ճանաչում Գևորգ Ղազարյանին, միասին հիշվող խաղեր ենք ունեցել, հատկապես ամենահիշարժանը՝ Մոնտենեգրոյի դեմ խաղը:

Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին։ Գիտեմ, թե որքան են ցանկանում, որ հայկական ֆուտբոլը զարգանա և քայլ առաջ անի։ Վստահ եմ՝ դա հնարավոր է:

Գևորգ ջան, քո կողքին եմ, հավատում եմ քո հաղթանակին»,- հայտարարել է Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Դենիս Ջորկաեֆն է։

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին: