Foto

Բարձր մասնագիտական ներուժ ունեցող քաղաքացիների զինծառայության անցման կարգում փոփոխություններ են առաջարկվում

 ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը այն ներկայացնող  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, միտված է ընդլայնելու բարձր մասնագիտական ներուժ ունեցող անձանց զինվորական ծառայության իրացման և ներգրավման հնարավորությունները:

Նա նշել է, որ նախորդ տարի կատարված համապատասխան լրացումների արդյունքում հնարավորություն էր տրվել աշխարհի հեղինակավոր թոփ 50 բուհերում կրթություն ստացած քաղաքացիներին ուսումնառությունից հետո աշխատանքի անցնել Կառավարության սահմանված կարգով ու պայմաններով։ Կառավարության կողմից հաստատված ոլորտները, որոնցում կարող են ընդգրկվել այդ քաղաքացիները, 7-ն են՝ հանրային կառավարում, պետական մարմիններ (գործադիր, օրենսդիր և դատական), կրթական և գիտական հաստատություններ, ռազմարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, արդյունաբերություն (ներառյալ թեթև արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը և էներգետիկ ուղղությունները), ինչպես նաև առողջապահություն և ֆինանսական ուղղություններ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջին անգամ հոկտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում այդ քաղաքացիները հնարավորություն ունեին դիմումներ ներկայացնելու։ Ըստ նրա՝ 40 քաղաքացիներից, ովքեր ավարտել էին ուսումնառությունը և կարող էին անցնել աշխատանքային գործընթացի, արդեն 21-ը դիմել են։

Զեկուցողը նշել է, որ օրենքի գործարկման ընթացքում ի հայտ է եկել մեկ սահմանափակում, որը կարող է խոչընդոտել ծրագրի ամբողջական իրականացմանը. խոսքը տարկետման զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմի մասին է։ Ասպիրանտուրայում կամ մագիստրատուրայում սովորող որոշ քաղաքացիների՝ ուսումնառությունից հետո 3 տարի աշխատելու ընթացքում լրանում է 27 տարեկանը, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում լիարժեքորեն օգտվել տարկետման այս իրավունքից։

Ելնելով վերոնշյալ խնդրից՝ օրենքի նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմը միայն այս խմբի քաղաքացիների համար սահմանել 32 տարեկանը։ Նախագիծն արդեն շրջանառված է, համապատասխանաբար քննարկվել ու հիմնավորվել է, և ակնկալվում է, որ այն հնարավորություն կտա ծրագիրն ավելի ամբողջական ու արդյունավետ իրականացնել։

ԱԺ հաղորդմամբ, օրենքի նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։