Foto

Հանտավիրուս՝ զբոսանավում. գենետիկական վերլուծությունը բացահայտել է 13 ուղևորի վարակման ուղին

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես է հանտավիրուսը տարածվել M/V Hondius զբոսանավում, որտեղ 2026 թվականի գարնանը սուր շնչառական վարակի բռնկում էր գրանցվել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ վիրուսը սկզբում կրծողից փոխանցվել է մարդուն, ապա սկսել է տարածվել ուղևորների միջև։ Ընդհանուր առմամբ վարակվել է 13 մարդ, որոնցից երեքը մահացել են։

Նավն արգենտինական Ուշուայա քաղաքից դուրս էր եկել 2026 թվականի ապրիլի 1-ին։ Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է ապրիլի 3-ին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցող՝ Ժնևի համալսարանի և Ժնևի համալսարանական կլինիկաների (UNIGE/HUG) Նոր վիրուսային հիվանդությունների կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ բռնկման պատճառը հանտավիրուսի անդյան շտամն է եղել։

Սովորաբար հանտավիրուսները մարդկանց փոխանցվում են վայրի կրծողների արտաթորանքով աղտոտված փոշին շնչելու միջոցով։ Սակայն անդյան վիրուսն առանձնանում է նրանով, որ հազվադեպ դեպքերում՝ սերտ և տևական շփման պայմաններում, կարող է փոխանցվել նաև մարդուց մարդուն։

Բռնկման ընթացքը պարզելու համար հետազոտողներն ուսումնասիրել են ուղևորների վարակման հանգամանքները և համեմատել հիվանդների մոտ հայտնաբերված վիրուսի գենոմները։

Գիտնականներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել 13-րդ դեպքին․ այդ ուղևորի մոտ ախտանշաններն ի հայտ են եկել մայիսի 31-ին՝ նավի՝ Արգենտինայից դուրս գալուց 60 օր անց։ Այս ժամանակահատվածը գերազանցում է կրծողից վարակվելու դեպքում հայտնի առավելագույն գաղտնի շրջանը, որը գնահատվում է վեց շաբաթ։ Միաժամանակ պարզվել է, որ այդ պացիենտը սերտ և տևական շփում է ունեցել հաստատված վարակով մեկ այլ հիվանդի՝ 10-րդ պացիենտի հետ։

Հետազոտողները վերծանել են վարակված 13 անձանցից 10-ի մոտ հայտնաբերված վիրուսի գենոմները։ Բոլոր նմուշների գենետիկական նյութը շատ նման է եղել։ Ախտանշանների ի հայտ գալու հաջորդականությունը, շփումների մասին տվյալները և գենետիկական վերլուծության արդյունքները համատեղ վկայում են, որ ուղևորներից մեկը սկզբում վարակվել է կրծողից, որից հետո վիրուսը փոխանցվել է նավում գտնվող այլ մարդկանց։

«Ախտանշանների դրսևորման հաջորդականությունը, գենոմային տվյալները և սերտ շփումների բնույթը մատնանշում են, որ վիրուսը սկզբնապես կրծողից անցել է ուղևորին, որին էլ հաջորդել է նավի ներսում մարդուց մարդուն երկրորդային փոխանցումը», — հայտարարել է Ժնևի Նոր վիրուսային հիվանդությունների կենտրոնի տնօրեն Իզաբելլա Էկերլեն։

Գենետիկական վերլուծությունը նաև ցույց է տվել, որ զբոսանավում տարածված վիրուսը շատ մոտ է արգենտինական Պատագոնիայում շրջանառվող անդյան հանտավիրուսի բնական շտամներին։ Հետազոտողների եզրակացությամբ՝ այս տվյալները հերքում են վիրուսի արհեստական ծագման, վերակոմբինացիայի կամ արտասովոր մուտացիաների մասին վարկածները։

Միջազգային կոնսորցիումը Science ամսագրում հրապարակել է նաև երկրորդ աշխատանքը՝ նվիրված Պատագոնիայում տարածված շտամի պատմական ծագմանն ու էվոլյուցիոն զարգացմանը։

Հետազոտությանը մասնակցել են մասնագետներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Կանադայից, Սենեգալից և Հարավային Աֆրիկայից։ Տարբեր լաբորատորիաներում ստացված արդյունքների անկախ համադրումը թույլ է տվել բարձրացնել գենետիկական եզրակացությունների հավաստիությունը։

Էկերլեի խոսքով՝ այս աշխատանքը ցույց է տվել միջազգային գիտական համագործակցության և համաճարակային ճգնաժամերին նախապես պատրաստվելու կարևորությունը՝ ներառյալ ազգային լաբորատորիաների ու կայուն միջազգային հետազոտական ցանցերի զարգացումը։