Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություններ և լրացում, որի արդյունքում քաղաքացիները կկարողանան եկամուտների հայտարարագրման «սոցիալական ծախսեր» համակարգից որոշակի չափով գումարներ ուղղել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և կուսակցություններին։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների խնդրանքով կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը։
Քննարկման առանցքում Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր։
Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության, ՀԿ-ների, ԶԼՄ-ների, հիմնադրամների ներկայացուցիչներ։
Առաջարկվում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված սոցիալական ծախսերի շրջանակը։ Համլետ Սահակյանը պարզաբանել է, որ քաղաքացիներն իրենց հայտարարագրի էջում տեսնելու են համապատասխան կազմակերպությունների ցանկը և, ցանկության դեպքում, կարողանալու են համապատասխան գումարն ուղղել իրենց նախընտրած կազմակերպությանը։ Գումարի չափը նախատեսված է 1,000 դրամ՝ յուրաքանչյուր ՀԿ-ի, լրատվամիջոցի կամ կուսակցության համար։ Առավելագույնը կարող է լինել 3,000 դրամ։ «Նշելով այդ դաշտը՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից գումարը կփոխանցվի համապատասխան կազմակերպությանը»,- պարզաբանել է փոխնախարարը։
Քննարկման մասնակիցները հիմնականում ողջունել են նախագծի առկայությունը, նաև ներկայացրել առաջարկներ և դիտողություններ։ Մասնավորապես, առաջարկվել է կազմակերպությունների ցանկում ընդգրկել նաև ոչ պետական հիմնադրամներին, վերանայել գումարի սահմանաչափը և այլն։
Համլետ Սահակյանը պատրաստակամություն է հայտնել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ շարունակել քննարկումները և նախագիծը լրամշակել՝ ընդունելի առաջարկների դեպքում։









