Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Լոռու և Արմավիրի մարզերում արձանագրել են ջրօգտագործման տարաբնույթ խախտումներ։
Լոռու մարզի Դսեղ բնակավայրի վարչական տարածքում գործող «Հովան» ՍՊԸ-ին պատկանող «Aura Village» հյուրանոցային համալիրում հանրային հանգստի և սննդի կազմակերպման նպատակով շահագործվել է 1 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Նույն մարզի Բազում բնակավայրի վարչական տարածքում «Արմեն Ասրյան» ԱՁ-ն քարի մշակման, սղոցման և հարդարման աշխատանքներ կատարելու համար առանց օրենքով սահմանված թույլտվության ջրօգտագործում է իրականացրել մակերևութային ջրային ռեսուրս հանդիսացող մոտակա ջրահավաք ավազանից։
Արմավիրի մարզի Դաշտ բնակավայրի վարչական տարածքում քաղաքացի Հ.Ա.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, կատարել է խորքային հորի հորատման աշխատանքներ։
Արձանագրված դեպքերով իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 3.600.000 դրամի չափով։
Տեսչական մարմնի Լոռու, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով խորքային հորի ապօրինի հորատումն ու ջրօգտագործումները կասեցվել են։
Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրի նորակառույց դպրոցի շինհրապարակում նախկինում կասեցված խորքային հորի ապօրինի շահագործումից հետո, Տեսչական մարմնի աշխատակիցների կրկնակի վերահսկողական այցով պարզվել է, որ շինհրապարակի պատասխանատու Հ.Մ.-ն վնասել է կասեցված խորքային հորի կապարակնիքը և վերսկսել անօրինական ջրօգտագործումը:
Խորքային հորի կապարակնիքը վնասելու փաստով՝ հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։









