Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին, ովքեր Երևանում են գտնվում Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել. «Մենք իրար հետ, ըստ էության, վերջին տարիներին նոր ինստիտուտ և նոր համակարգ ենք ներդնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներգրավվածության համար: Մենք պետք է մեր համագործակցության առանցքում դնենք Հայաստանի Հանրապետության զարգացումը, Հայաստանի պետական ինստիտուտների, ընդհանուր առմամբ՝ պետականության, տնտեսության զարգացումը, և Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայության կյանքի էպիկենտրոնը: Պիտի արձանագրեմ, որ ըստ էության, զուգահեռ այդ պրոցեսը տեղի է ունենում, որովհետև տեսնում ենք, որ Սփյուռքի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ ավելի ակտիվ ներգրավվածություն են ունենում Հայաստանում տնտեսության, կրթության զարգացման գործում, և այդ ոլորտում մենք ունենք հանրահայտ, նույնիսկ՝ աշխարհահռչակ նախագծեր: Բայց կարևոր է նաև, որ մենք մեր ուղերձը հասցնենք հայության բոլոր շերտերին, բոլոր քաղաքացիներին»: Վարչապետն ընդգծել է, որ այս գործում չափազանց կարևոր է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի դերակատարումը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ղեկավարության ներքո:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև նոր Սահմանադրության նախագծի մասին և ընդգծել, որ այնտեղ անդրադարձ կա Հայաստան-սփյուռք հարաբերություններին. «Ես ուզում եմ ևս մի նրբության վրա հրավիրել ձեր ուշադրությունը, որովհետև, գիտեք, ըստ ամենայնի, որ մենք նոր Սահմանադրության տեքստի վրա ենք աշխատում և նախագիծը, որը հետագա մշակումների կենթարկվի, նոյեմբեր ամսվա ընթացքում կհրապարակվի: Այնտեղ շատ կարևոր անդրադարձ ունենք Հայաստան-սփյուռք հարաբերություններին և այդ հարաբերությունների նպատակին: Իհարկե, այդ հարաբերությունները միաշերտ չեն, բայց մենք կարևոր համարեցինք, որպեսզի այդ թվում՝ նոր Սահմանադրության նախագծում հստակ ձևակերպվեն, թե որն է ի վերջո Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը, որովհետև կարող են լինել ընթացիկ նպատակներ, բայց պետք է լինի նաև վերջնանպատակ: Եվ մենք եկել ենք այն եզրակացության, որ վերջնանպատակն, ի վերջո, հայրենադարձությունն է, որպեսզի մարդիկ իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոնը համարեն Հայաստանի Հանրապետությունը: Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես իրենց ինքնության շատ կարևոր և անբաժանելի մաս, որն իհարկե, կարտահայտվի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ և Հայաստանի Հանրապետությունում որոշակի գործունեություն ծավալելով»:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հանձնակատարների արդյունավետ փոխգործակցության խթանմանը, Հայաստան-սփյուռք համակարգային և արդյունավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:









