Foto

«Հրապարակ». Ավինյանի աշխատակիցները քերթում են Երևանի փոքր ձեռնարկատերերին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի կողմից «լավ քաղաքապետի» շոուներ է բեմադրում՝ աղբ հավաքողի հագուստով փողոցում «բիչոկներ» է հավաքում, մյուս կողմից՝ նրա աշխատակիցները քերթում են Երևանի փոքր ձեռնարկատերերին։ Մեզ ահազանգել են մայրաքաղաքում գործող սննդի կետերի մի քանի սեփականատերեր և տեղեկացրել, որ վերջին շրջանում քաղաքապետարանից մասսայաբար տուգանքի ծանուցագրեր են ստանում, թե իբր իրենց սննդի կետերն աշխատել են կեսգիշերն անց, սակայն իրենք դրա մասին չեն տեղեկացրել, որպեսզի հարկային այլ դաշտում աշխատեն: 

Ինչպես հայտնի է՝ կեսգիշերն անց գործող սննդի կետերը հարկվում են տարբեր սկզբունքով։ Մինչդեռ այս կետերի սեփականատերերը վստահեցնում են, որ մինչև 20։00-ն են աշխատել: Խոսքը շաուրմանոցների, բուլկու-խաչապուրու խանութների և նմանատիպ այլ օբյեկտների մասին է, իսկ տուգանքի չափը 200-300 հազար դրամ է, որը նրանց համար փոքր թիվ չէ։ 

Այն տնտեսվարողները, ովքեր փորձել են հակադարձել, ապացույցներ են պահանջել, քաղաքապետարանն ուղղորդել է. գնացեք՝ դատական կարգով վիճարկեք տուգանքները: Բայց բոլորը չէ, որ կարող են փաստաբան վարձել, տուգանքի չափով վճարել նրանց ծառայության համար և ապօրինի որոշումները վիճարկելիս պարտվել պետական կառույցին: Իսկ քաղաքապետարանն ուղղակի օդից փող է լցնում բյուջե, որ միլիոններ դուրս գրեն տարբեր համերգների և շոուների վրա»։