Foto

Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն են այցելել Լոռու մարզի Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել լիազորությունների շրջանակին և աշխատանքի առաջնահերթություններին։

Աշակերտների հետ քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու արձագանքը, կրթության իրավունքի ապահովումը, երեխայի անձնական տվյալների պաշտպանությունն ու առցանց անվտանգությունը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը։

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ։