Foto

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։

Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը կարևորել է Հայաստան-Կանադա հարաբերությունների խորացումն ու համագործակցության ընդլայնումը։ Խմբակցության ղեկավարն ընդգծել է, մասնավորապես, կրթական, տնտեսական և առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Միջխորհրդարանական կապերի սերտացման հարցում էլ արժևորվել է բարեկամական խմբերի դերակատարությունը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են ներկայացրել Հայաստանում ներքաղաքական գործընթացների, ժողովրդավարական մակարդակի, դատական իշխանության անկախության վերաբերյալ, խոսել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններից։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։