«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանն այսօր հանդիպել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների հետ։
Հանդիպման հիմնական նպատակն առաջիկա ձմեռային սեզոնին ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցերի քննարկումն էր։
Արկադի Չերչինյանն իր խոսքում ընդգծել է, որ կապալառու բոլոր կազմակերպությունները պետք է պատշաճ և ժամանակին պատրաստվեն ձմեռային սպասարկման աշխատանքներին՝ ապահովելով աղի և ավազի անհրաժեշտ պաշարներ, ինչպես նաև նախապատրաստելով մասնագիտացված տեխնիկան ու սարքավորումները։ Նա կարևորել է աշխատանքների կազմակերպման նկատմամբ հետևողական մոտեցումը՝ ձմռան ամիսներին ճանապարհներին անվտանգ և անխափան երթևեկություն ապահովելու նպատակով։
Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես՝ ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկայի պատրաստվածությանը, ֆինանսական խնդիրներին, ճանապարհների աղտոտման դեպքերին և այլ հարցերի։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ըստ տարածաշրջանների ձմեռային սպասարկման առանձնահատկություններին։ Ընդգծվել է, որ աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր տարածաշրջանի բնակլիմայական պայմաններն ու ճանապարհային առանձնահատկությունները։ Մասնավորապես, բարձրլեռնային գոտիներով և լեռնանցքներով անցնող ճանապարհների սպասարկումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում։
Հանդիպման ընթացքում կապալառու կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Դրանք կուսումնասիրվեն հիմնադրամի համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ հետագա աշխատանքներում հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։









