Foto

Քննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունը

COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները


Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ որպես ոլորտային համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հիմք։
Կողմերն անդրադարձել են նաև COP17-ի նախարարական բանակցությունների շրջանակում փոխգործակցությանը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային ջանքերին։

Այս համատեքստում նախարարը կարևորել է խոշոր կատվազգիների միջազգային դաշինքի շրջանակում համագործակցությունը՝ ընդգծելով վտանգված տեսակների և դրանց ապրելավայրերի պահպանության ուղղությամբ համատեղ աշխատանքի նշանակությունը։

Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանի համար այս ուղղությունն առանձնահատուկ կարևորություն ունի՝ հաշվի առնելով երկրում ընձառյուծի պահպանության և դրա պոպուլյացիայի վերականգնման առաջնահերթությունը։