Foto

ՔՊ-ն համաձայնություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծին. ընդդիմությունը դեմ քվեարկեց

Ազգային ժողովը համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Նախագծին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ էին 32-ը։

«ԹՐԻՓՓ» նախագծի հիմքում 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածություններն են, որոնց հաջորդել են «ԹՐԻՓՓ»-ի իրականացման շրջանակի համաձայնեցումը և այժմ վավերացման ներկայացված միջպետական համաձայնագրի ստորագրումը։

Ծրագրի իրականացումը Հայաստանին հնարավորություն կտա Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվել երրորդ երկրների հետ, զարգացնել ներպետական երկաթուղային կապը և հանգույց դառնալ Արևելք-Արևմուտք հաղորդակցությունում։ Ադրբեջանի համար էլ Հայաստանի տարածքով կապ կապահովվի Նախիջևանի հետ։

Փաստաթղթային գործընթացն ավարտելու համար դեռ անհրաժեշտ է համաձայնեցնել բաժնետերերի միջև համաձայնագիրը և «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության կանոնադրությունը։ 

«ԹՐԻՓՓ» զարգացման ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս բաժնեմաս։ Այդ հարաբերակցությունը գործելու է նախնական՝ 49 տարվա ընթացքում։

«Կողմերը հնարավորություն ունեն երկարացնել համագործակցության ժամկետը ևս 50 տարով, և այդ դեպքում Հայաստանի Հանրապետության բաժնեմասերն ավտոմատ կերպով, առանց որևէ հավելյալ ներդրման, կդառնան 49 տոկոս, և ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ-ին կմնա 51 տոկոսը»,-պարզաբանել էր ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։