Foto

Պուտինը Հաբարդին ազատ է արձակել իմ խնդրով, փոխանակման կարիք չի եղել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։

Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ազատ արձակել Հաբարդին իր անձնական խնդրանքով, և դրա համար կալանավորների փոխանակման կարիք չի եղել։

«Եթե պատժամիջոցները սահմանվեին, բանակցություններն անկասկած ամբողջությամբ կդադարեին»,— գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։

Նա նաև նշել է, որ ազատ արձակումը հնարավոր է դարձել Պուտինի հետ իր անձնական շփումների շնորհիվ, և որ ԱՄՆ-ն դրա դիմաց ստիպված չի եղել ոչինչ տրամադրել։

Թրամփի հայտարարությունը հնչել է չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին Հաբարդի ազատ արձակումից հետո՝ Սանկտ Պետերբուրգում Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունների ֆոնին։ Դրանից հինգ օր առաջ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների կիրառումից հրաժարվելու մասին։ Այդ որոշումը սուր քննադատության էր արժանացել ամերիկացի մի շարք օրենսդիրների, այդ թվում՝ հանրապետականների կողմից։

Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին ամերիկացուն ազատ արձակելու համար՝ նշելով, որ նրա շնորհիվ վերջինս վերադառնում է իր ընտանիքի մոտ։ Նա Պուտինին անվանել է նաև «հումանիստ»։

74-ամյա Հաբարդը ծնունդով Միչիգան նահանգից է։ Դպրոցի նախկին ուսուցիչը, որը ծառայել է ԱՄՆ Ազգային գվարդիայում և ռազմաօդային ուժերում, ձերբակալվել էր Ուկրաինայում՝ 2022 թվականի փետրվարին ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից կարճ ժամանակ անց։

Ռուսաստանի իշխանությունները նրան մեղադրել էին որպես վարձկան Ուկրաինայի կողմից մարտական գործողություններին մասնակցելու մեջ։ 2024 թվականին նա դատապարտվել էր գրեթե յոթ տարվա ազատազրկման։ Առողջական վատ վիճակի պատճառով Հաբարդին նախատեսվում է բուժման նպատակով տեղափոխել Տեխասի զինվորական հոսպիտալ։