Եվրամիությունը չի չեղարկի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից որևէ մեկը մինչև Ուկրաինայում հակամարտության լիակատար ավարտը և չի վերսկսի ռուսական գազի գնումները։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նիստում։ Նիստը հեռարձակվել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության առցանց հարթակում։
«ԵՄ-ն չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև հակամարտության ավարտը»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։
Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը բացառում է ռուսական գազի գնումներին վերադառնալու հնարավորությունը, քանի որ, իր գնահատմամբ, Ռուսաստանը «ցանկացած պահի կարող է գազն օգտագործել որպես զենք»։
2022 թվականի մարտին Եվրահանձնաժողովը պատրաստվում էր միջոցներ ձեռնարկել ռուսական գազի դիմաց վճարումների արգելափակման ուղղությամբ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակում։
Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարել է ոչ բարեկամական երկրների հետ խողովակաշարային գազի առևտրում ռուբլով վճարումների անցնելու մասին։ Այդ որոշման արդյունքում վճարումներն իրականացվում էին ռուսական իրավազորության ներքո՝ ԵՄ-ին զրկելով դրանք արգելափակելու հնարավորությունից։









