«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարությունն, ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի մեծ թափ է հաղորդել մասնավոր սեփականության դեմ պայքարին, ունեցվածքի խլմանը, որ տարակերպ դրսևորումներ է ստացել, այդ թվում՝ ամբողջական հիմնարկություններ, ձեռնարկություններ, տնտեսվարող կազմակերպություններ կապարակնքելը:
Իսկ նախօրեին արդեն կառավարությունը կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ «ՀՀ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնեմասերի նկատմամբ ՀՀ-ի սեփականությունը գրանցելու մասին», այսինքն՝ այն «գերակա շահ» ճանաչելու մասին:
Փաշինյանն իրեն բնորոշ ոճով ու ոգով կրկին սկսեց ճառել «թալանածը վերադարձնելու», «քյաբաբ առ քյաբաբ հետ բերելու» մասին: Բայց ի՞նչ «թալանի» ու, առավել ևս, այն վերադարձնելու մասին կարող է այստեղ խոսք լինել ընդհանրապես:
Եթե խոսենք կոնկրետ «Հայաստանի էլեկտրացանցերի» մասին, ապա փաստերն ու իրողություններն այնքան հանրահայտ են, որ նույնիսկ անհարմար է դրանց մասին ևս մեկ անգամ հիշեցնել: Այդուհանդերձ՝ ի՞նչ է եղել. Սամվել Կարապետյանը եկել, համաձայնել է ստանձնել ծանր վիճակում գտնվող ընկերության կառավարումը, այն ոտքի է կանգնեցրել, ապահովել է երկրի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքի կենսունակությունն ու բնականոն կենսագործունեությունը: Դա թալա՞ն է: Ներդրումներ անելը թալա՞ն է: Ո՞վ է ումից ինչ թալանել:
Իսկ այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամենամեղմ բառերով էլ բնորոշելու դեպքում սեփականության խլում է, հափշտակում, մեծ հաշվով՝ կամայականություն և ապօրինություն, որքան էլ նրանք փորձում են ինչ-ուր փաթեթավորում հաղորդել իրենց անիրավ քայլերին՝ դրանք քարոզչական առումով որակելով «թալանի վերադարձ»: Ու խոսքը միայն ՀԷՑ-ին չի վերաբերում: Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններին, այլ բիզնեսներին: Այդ ամենը քաղաքական դրդապատճառներով պարզապես ապօրինաբար խլվում է:
Ու այստեղ մոտենում ենք այս հոռի երևույթի մեկ այլ ծանր, ահավոր շերտին, որի մասին քիչ է խոսվում, բայց այն ոչ պակաս էական է: Փաշինյանն ինքն էլ հրաշալի տեղյակ է, որ իր գործողությունները կապ չունեն «թալան վերադարձնելու» հետ: Բայց այս ամեն ինչի մեջ ամենասուր կետերից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակում են հասարակության, հանրային ընկալման մեջ շատ վտանգավոր մանիպուլ յատիվ տարրեր ներարկել: Այն է՝ եթե մարդը հարուստ է, հաջողակ է, եթե գործարար է, եթե կարողանում է մեկը երկուս դարձնել, ուրեմն՝ վե՛րջ, թալանչի է: Նեգատիվ վերաբերմունք ու թշնամանք է սերմանվում երկրում ունևոր մարդկանց դեմ: Դա արվում է պետական իշխանության լծակներով ու պետական քաղաքականության մակարդակով:
Առանց այն էլ մեր հասարակության մեջ, հատկապես չկայացած անձանց շրջանում կա թշնամանք, նախանձ և չուզողություն՝ հաջողակ, գրագետ, կարողունակ մարդկանց նկատմամբ: Փաշինյանը, դա լավ իմանալով, այդ կրակի վրա յուղ է լցնում, խոշոր սեփականատերերին, կարողունակ մարդկանց դարձնում որոշակի շերտի վառ ատելության ու չարության թիրախ: Յուրօրինակ հոգեբանական տեռոր է իրականացնում:
Բայց դա երկսայրի մահակ է: Եթե կան փաշինյանական իշխանության այդ դրսևորումներից ոգևորվողներ, նրանց մնում է միայն ցավակցել: Որովհետև վերջնահաշվում նույն մահակն իրենց գլխին է իջնելու և շատ ավելի ցավոտ: Իսկ հաջորդ փուլում ու մյուս ծայրով մահակն արդեն հարվածելու է երկրի տնտեսության ծակծկված գրպանին…»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









