Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 17:45-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղի մի բնակիչ տվել է հաղորդում, որ իր տնից կատարվել է գողություն։
Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերը հայտնել է, որ ժամը 11-15-ն ընկած ժամանակամիջոցում, երբ տանը մարդ չի եղել, տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան, որում նույնպես եղել են խոշոր գումար և ոսկյա զարդեր։
«Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերված տվյալները քրեական ոստիկաններն իրացրել են Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։ Պարզվել է, որ գողությունը կատարել են չորս հոգի, մեկը՝ տուժածի համագյուղացին, մյուսները՝ մայրաքաղաքից։
Հոկտեմբերի 5-ի երեկոյան Ազատան գյուղում իրավապահները ձերբակալեցին 37-ամյա համագյուղացուն, որը անհերքելի փաստերի առկայության պայմաններում ընդունեց մեղքը և հայտնեց, որ չհրկիզվող պահարանն ու գողոնի մի մասը իր տանն են։
Նա կալանավորվեց, իսկ նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդեր և մոտ մեկուկես միլիոն դրամի գումար։ Հայտնաբերվեցին նաև ատրճանակ, ողորկափող հրացան, 20 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ։
Գողությունը կատարած անձանցից Երևանի 42-ամյա բնակիչը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։









