Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Լիբանանի Հանրապետությունում է: Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, Վերականգնման բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Բաղդասարյանը և Չինար Մկրտչյանը:
Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Նորին Սրբությունը ողջունել է պատվիրակությանը՝ իր գոհունակությունն ու օրհնությունը հայտնելով Մատենադարանում իրականացվող աշխատանքների և բարեփոխումների կապակցությամբ։ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Մատենադարանի նախաձեռնած առաքելության կարևորությունը և, ի նշան երախտագիտության, պատվիրակությանը նվիրել Բարձրաբերդի Ավետարանի նմանահանության եզակի օրինակներից մեկը։
Հանդիպման ընթացքում Արամ Ա Կաթողիկոսին է փոխանցվել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հավաքածուից Մատենադարանում վերականգնված ձեռագիր հմայիլը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կաթողիկոսությանն էր վերադարձվել Մատենադարանում վերականգնված 10-րդ դարի Սասանցի Ավետարանը։
Մատենադարանի վերականգնողների մշտադիտարկման աշխատանքների առաջին փուլը (ձեռագրերի ֆիզիկական վնասվածքներ, սնկաբանական ախտահարվածություն և այլն) կտևի մինչև հոկտեմբերի 25-ը:









