Foto

Տեսչական մարմինը հորդորում է գազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար նախատեսված գազաբալոնային սարքավորումների տեղադրումն իրականացնել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Այս մասին տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից:

«Հիշեցնում ենք, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 𝟐𝟔.𝟏-ին հոդվածի 𝟏-ին մասի համաձայն՝ «գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա»։

Միաժամանակ հարկ է նշել, որ լիցենզավորված տնտեսվարողը նշված գործունեությունն իրականացնում է լիցենզիայում և դրա համապատասխան ներդիրում նշված գործունեության վայրում։

Գազաբալոնային սարքավորումների ոչ պատշաճ կամ սահմանված պահանջների խախտմամբ իրականացված տեղադրումը կարող է վտանգել տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործումը և ստեղծել վտանգ ինչպես վարորդի ու ուղևորների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ տեսչական մարմինը հորդորում է՝ նախքան գազաբալոնային սարքավորումների տեղադրման աշխատանքների իրականացումը համոզվել, որ ընտրված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ունի տվյալ գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիա։

Տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում իրականացնելու համապատասխան լիցենզիա ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկը ներկայացվում է կից։

Գազաբալոնային սարքավորումների տեղադրում իրականացնելու համապատասխան լիցենզիա ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկը հրապարակված է նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում և հասանելի է հետևյալ հղմամբ:

Հորդորում ենք օգտվել բացառապես լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների ծառայություններից՝ ապահովելով տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման համար սահմանված պահանջների պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում։