ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ կլինի հրահանգել ընտրությունների օրը հարվածներ չհասցնել Ուկրաինային, եթե Կիևն իսկապես ցանկանում է ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահն արդեն խոսել է այդ մասին, բայց այս դեպքում նրա անունից կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ եթե Կիևում իսկապես ցանկանում են ընտրություններ անցկացնել, ապա Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, պատրաստ կլինի հրահանգել ընտրությունների օրը հարվածներ չհասցնել Ուկրաինային։ Հենց ընտրությունների օրը։ Սա շատ կարևոր հավելում է», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, թե ընտրություններ անցկացնելու համար իրեն 60 օր է անհրաժեշտ, Պեսկովն արձագանքել է՝ նշելով, որ Ռուսաստանին ոչ թե զինադադար է պետք, այլ երկարատև խաղաղություն։
«Մեզ զինադադար պետք չէ, մեզ անհրաժեշտ է կայուն խաղաղություն՝ գալիք բազմաթիվ սերունդների համար», - ասել է նա։
Պեսկովը նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել Պետդումայի ընտրություններից անմիջապես հետո վերսկսել խաղաղ բանակցությունները։
Նա պնդել է, որ դրանից հետո Ուկրաինան աննախադեպ մասշտաբի հարվածներ է հասցրել Մոսկվային, փորձել խափանել ընտրությունները, ռմբակոծել ընտրատեղամասերը, ինչպես նաև հարձակվել և սպանել Ռուսաստանի նոր շրջաններում գործող մի քանի շրջանային ընտրական հանձնաժողովների անդամների։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ հենց այդ իրադարձություններից հետո Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է մտածել բանակցությունների վերսկսման ժամկետների մասին։









