Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ուխտավոր հայորդիներին և գնահատանք հայտնեց Տեր Սարգիս քահանային՝ դեպի հայրենիք ուխտագնացություններ կազմակերպելու բարի ավանդույթը հետևողականորեն պահպանելու համար։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նման այցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի հայորդիներին առավել մոտիկից ծանոթանալու հայրենական կյանքին ու առկա մարտահրավերներին, հայրենի սրբություններից ոգեշնչվելու և նորոգված հավատքով ու հայրենասիրական ոգով առավել զորացնելու համայնքային կյանքը և իրենց կարելի նպաստը բերելու հայրենիքի ու հայ ժողովրդի բարօրությանը։
Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու կրթական ծրագրերին, հոգևրականների պատրաստությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործունեությանը։









