ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։ Նախարարներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման կարևորությունը։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Վրաստանում` Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս–Փարիզ–Երևան) խորագրով կոնցեպտուալ հետահայաց ցուցահանդեսի բացումը։
Անդրադառնալով թանգարանային ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երկու երկրների ազգային թանգարանների միջև կապերի ամրապնդումն ու համագործակցության խթանումը՝ առաջարկելով կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ։
Կողմերը կարևորել են նաև ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը և վերահաստատել են մշակույթի ոլորտում սերտ համագործակցությունը շարունակելու և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը։
Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել այնտեղ ամփոփված հայ մեծերի հիշատակին:









