Foto

Վրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծը

Վրաստանի կառավարությունը խորհրդարանից հետ է կանչել օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում «փողոցային հաշվեհարդարների/պարզաբանումների» համար։

Խոսքը «Քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին է, որի հիման վրա քրեական օրենսդրության մեջ նախատեսվում էր ավելացնել նոր՝ 226¹ հոդվածը («Վեճի ապօրինի լուծման նպատակով հավաքը») և այդ արարքի համար սահմանել քրեական պատասխանատվություն։ Նախագիծը պատրաստել էր Ներքին գործերի նախարարությունը և Խորհրդարան ներկայացրել 2019 թվականի փետրվարին։ Այն ընդունվել էր միայն առաջին ընթերցմամբ։

Բյուրոյի նիստում իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն նախագիծը Խորհրդարանից հետ կանչելու պատճառ է անվանել դրա «էական վերամշակման» անհրաժեշտությունը։

«Այս նախաձեռնությունը Վրաստանի կառավարության կողմից ներկայացվել է դեռևս երկու գումարման Խորհրդարան առաջ և համապատասխան վերամշակման կարիք ունի։ Նախագիծը պատրաստվել է Ներքին գործերի նախարարության կողմից։ Նորովի կարգավորումներ էին առաջարկվում «գողական հավաքների» վերաբերյալ, սակայն նախագիծն էական վերամշակման կարիք ունի։ Ուստի նպատակահարմար է, որ այն հետ կանչվի, և հետագայում ներկայացվի վերամշակված տարբերակը։

Առկա օրենսդրական դաշտը թույլ է տալիս պայքարել կազմակերպված հանցավորության դեմ, ինչը հասարակությունն էլ է տեսնում։ Պետության մոտեցումը կազմակերպված հանցավորության դեմ խիստ է, և դա շարունակվելու է», — բյուրոյի նիստում հայտարարել է Գորդուլաձեն։