Foto

Թրամփը կասկածում է, որ կկարողանա Ռուսաստանին համոզել էներգետիկ հրադադարի գնալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցներում կասկած է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև ձմեռ կհամաձայնի Ուկրաինայի հետ էներգետիկ հրադադարի։ Այս մասին գրում է Kyiv Independent-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ Թրամփի դիրքորոշումը տարբերվում է նրա թիմի ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ավելի լավատեսական գնահատականից։ Նշվում է, որ նրանք Մոսկվա և Կիև կատարած այցերից վերադարձել են այն տպավորությամբ, որ էներգետիկ հրադադարի հասնելը հնարավոր է։

«Դոնալդ Թրամփն այնքան վստահ չէ, որքան նրա թիմը», - ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփը «մնում է լավատես» համաձայնության հասնելու հարցում, սակայն չի հերքել էներգետիկ հրադադարի վերաբերյալ նախագահի կասկածների մասին տեղեկությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում տեսել են Թրամփի հրապարակումը էներգետիկ հրադադարի նախաձեռնության վերաբերյալ և այն համարում են «շատ լավ նախաձեռնություն»։ Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի այդ նախաձեռնության շրջանակում երկխոսությունը ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատասխանը բավական զգալի է եղել, ինչից հետո Կիևը հրադադար է խնդրել։ Նրա խոսքով՝ խոսքը մասնավորապես էներգետիկ և օդային հրադադարների մասին է։