Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետություններից Ռուսաստան են ժամանել կազմակերպության զորավարժությունների մասնակիցները, հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ հավաքական արագ արձագանքման ուժերի մասնակցությամբ անցկացվող «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության, ինչպես նաև «Որոնում-2026» և «Էշելոն-2026» հատուկ զորավարժությունների մասնակիցներն ավարտել են տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն։ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից ՀԱՊԿ զորակազմերը (հավաքական ուժերը) ժամանել են զորավարժությունների անցկացման վայրեր», – նշել են շտաբում։
Զորավարժությունները տեղի կունենան Կենտրոնական ռազմական օկրուգի՝ Չելյաբինսկի մարզում գտնվող «Չեբարկուլսկի» զորավարժարանում։
Ինչպես պարզաբանել են ՀԱՊԿ միացյալ շտաբում, «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժությունը կենտրոնացած է սահմանային զինված հակամարտության զսպմանն ուղղված համատեղ գործողության պլանավորման և իրականացման մշակման վրա։ «Որոնում-2026» հատուկ զորավարժությունը ներառում է ՀԱՊԿ ՀԱԱՈւ-ին աջակցելու նպատակով հետախուզության կազմակերպման և իրականացման գործընթացների մշակում։ «Էշելոն-2026» հատուկ զորավարժությունը կենտրոնացած է նյութատեխնիկական ապահովման միջոցառումների մշակման վրա։
«Նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովն ընդգծել է, որ բոլոր զորավարժությունները պլանային բնույթ են կրում. դրանք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և նպատակ ունեն բարելավել հրամանատարական մարմինների և զորքերի փոխգործակցությունը, ինչպես նաև պահպանել ուժերի կազմավորումների և միջոցների պատրաստականությունը՝ հավաքական անվտանգության ապահովման շահերից բխող առաջադրված խնդիրները կատարելու համար», – հավելել են շտաբում։









