Մեկնարկել է Հռոմի պապ Լևոն XIV-ի քառօրյա այցը Ֆրանսիա։ Նախագահ Էմանուել Մակրոնի հետ նա քննարկել է արհեստական բանականությունը, կլիմայի փոփոխությունը, էֆտանազիան, երեխաների պաշտպանությունը և եվրոպական և միջազգային օրակարգի հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Հանդիպումից հետո Մակրոնը և Լևոն XIV-ը Ելիսեյան պալատում հանդես են եկել հայտարարություններով։
Հռոմի պապն աշխարհին կոչ է արել վերանայել արհեստական բանականության զարգացման հարցը՝ նախազգուշացնելով, որ ԱԲ-ն կարող է ստեղծել մի ապագա, որտեղ «մեքենաների դրախտը» վերահսկողություն կհաստատի Երկրի վրա։
Նա նաև դատապարտել է աջակցվող մահվան մասին օրենքը, որը Ֆրանսիայում օգոստոսին ուժի մեջ է մտել անբուժելի հիվանդություններ ունեցող մարդկանց համար, դատապարտել է փոխնակ մայրությունը, մարդու օրգանների վաճառքը։ Հռոմի պապը Ֆրանսիային կոչ է արել մնալ «խաղաղության և բազմակողմանիության անխոնջ ջատագով»։
Իր հերթին, Մակրոնը նշել է, որ Հռոմի պապի այցը «մեծ պատիվ և ուրախություն է Ֆրանսիայի համար», խոստացել է պայքարել քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների դեմ «անհանդուրժելի» հարձակումների դեմ։
Լևոն XIV-ի օրակարգում հաջորդ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում։ Ակնկալվում է, որ այնտեղ իր ելույթի ընթացքում կաթոլիկների առաջնորդը կկենտրոնանա ԱԲ-ն կանոնակարգելու անհրաժեշտության վրա։
Սա Հռոմի պապի առաջին պետական այցն է Ֆրանսիա։ Լևոն XIV-ի նախորդ Ֆրանցիսկոս պապը երեք անգամ այցելել է Ֆրանսիա, բայց ոչ պետական այցով։









