«Հրապարակ» թերթը գրում է. ««Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, և ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն, որի տվյալներն օրեր առաջ ցուցահանդեսի տեսքով ներկայացվեցին Սիրահարների այգում։
Միջոցառմանը ներկա էին նաև գործադիր և օրենսդիր մարմինների կանայք, որոնք սրտառուչ հայացքներով դատապարտում էին ներկայացված վիճակագրությունը, այն դեպքում, երբ նրանցից ոմանք խտրականության «աստվածներ» են` բառի բուն իմաստով։ Օրինակ, արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի իմաստով: Ուսումնասիրության արդյունքներով՝ արցախցիներն արժանանում են հանրության 32.4 տոկոսի խտրական վերաբերմունքին, և արցախցիներին թիրախավորելն առաջին հերթին իրականացվում է Նիկոլ Փաշինյանի և նրա խմբակի կողմից ու խրախուսմամբ: 2023-ից սկսած, նրանց պարբերաբար մեղադրել են չկռվելու, հայրենիքը հանձնելու, փախուստի դիմելու և անգամ չզոհվելու մեջ, և հանրությունն էլ էստաֆետը սիրով վերցրել է»։









