Foto

ՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) խաղաղությունն ու կայունությունը դիտարկում է որպես անդամ երկրների զարգացման և բարգավաճման հիմնարար պայման։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովի՝ «Ազգային պաշտպանություն» ամսագրում հրապարակված հոդվածում։

Մասադիկովի խոսքով՝ ՀԱՊԿ-ը, որպես իր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների քննարկման և իրականացման արդյունավետ ձևաչափ, կարևորում է խաղաղությունն ու կայունությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև անհրաժեշտ է համարում վերանայել համաշխարհային քաղաքականության մեջ գիտական և փորձագիտական հանրության դերը։

«Որպես միջազգային գործընթացների պատասխանատու մասնակից՝ մենք անհրաժեշտ ենք համարում ամբողջությամբ օգտագործել առկա փորձագիտական և գիտական ներուժը»,- նշել է նա։

Մասադիկովն ընդգծել է, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում ի հայտ են եկել մի շարք երկրներ, որոնք կուտակել են այնպիսի քաղաքական և տնտեսական ներուժ, որը բավարար է համաշխարհային միտումների և իրադարձությունների վրա ազդելու համար։

Հոդվածում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է միջազգային հարաբերություններում փոխադարձ հարգանքի անհրաժեշտությանը։

«Մենթորի դիրքերից խոսելու փորձերը դատապարտված են ձախողման։ Կարևոր է պայմանավորվել, որ մենք միմյանց քաղաքական համակարգերն ընդունում ենք որպես իրողություն և չենք ձգտելու փոխել դրանք»,- ասել է Մասադիկովը։

Նրա խոսքով՝ անվտանգության խնդիրների քաղաքականացումը խոչընդոտում է դրանց լուծմանը։

«ՀԱՊԿ-ը շարունակում է բաց մնալ բոլոր այն երկրների և միավորումների հետ համագործակցության համար, որոնք կիսում են այս մոտեցումը»,- եզրափակել է նա։