Քաղաքային իշխանությունները Երևանի փողոցների ծանրաբեռնվածության հարցը որոշել են «լուծել»՝ կրկին մեր քաղաքացիներին անհարմարություն և լրացուցիչ ծախսեր պատճառելու հաշվին, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հայտարարեց, որ այսուհետ մարզային ավտոբուսներն իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ ուղևորափոխադրում իրականացնել։
Սա նշանակում է, որ մարզերից մայրաքաղաք եկող մեր հայրենակիցներն այլևս չեն կարողանա իջնել իրենց համար հարմար վայրերում և ստիպված կլինեն իրենց երթուղին շարունակել ավտոկայաններից։
Ստացվում է՝ մեր այն մարզաբնակ քաղաքացիները, որոնք, օրինակ, Երևան են գալիս աշխատանքի նպատակով, ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի՝ լրացուցիչ ժամանակ կորցնելով ճանապարհին։
Սա հերթական ոչ արդյունավետ քայլն է, որը ոչ թե լուծելու է Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիրը, այլ լրացուցիչ անհարմարություն է պատճառելու մեր քաղաքացիներին։
Քաղաքային իշխանություններից ակնկալվում են ոչ թե հերթական սահմանափակումներ, այլ արդյունավետ և համակարգային լուծումներ, որոնց մասին բազմիցս խոսել ենք՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի կայանումների կանխումից մինչև էստակադաների, վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիների կառուցում։
Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով։
Բավակա՛ն է ձեր ապաշնորհ և ոչ կոմպետենտ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները՝ այս անգամ էլ՝ մարզաբնակները»,-գրել է Դանիելյանը։









