Եվրամիությունը կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման և «ազատագրված» տարածքների վերականգնման ոլորտներում։
Այս մասին Report-ին հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը օտարերկրյա դիվանագիտական կորպուսի պատվիրակության կազմում այցելում է օկուպացված Արցախ։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը շարունակում է մնալ Բաքվի վստահելի գործընկերը և աջակցում է տարբեր ծրագրերի, այդ թվում՝ խաղաղության օրակարգին և տարածաշրջանային համագործակցությանը։
«Աջակցելով խաղաղությանը՝ մենք նաև ձգտում ենք նպաստել անցյալի հակամարտությունների հետևանքների վերացմանը։ Սա ներառում է հակամարտությունից տուժած համայնքներին աջակցությունը, վերականգնումը և, մասնավորապես, ականազերծման հարցերը»,-նշել է նա։
ԵՄ ներկայացուցիչը ընդգծել է, որ Եվրամիությունը ողջունում է տարածաշրջանային զարգացման դրական դինամիկան և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Նա հայտնել է, որ կարևոր գործնական քայլեր են իրականացվում այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են սահմանազատումը, տրանսպորտային կապերը, առևտուրը և մարդկանց միջև շփումները։
«Մենք հույս ունենք, որ այս ամենը կստեղծի անհրաժեշտ պայմաններ և, ի վերջո, կհանգեցնի խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը»։









