Foto

Քաչայի վիպակի հիմքով ստեղծված «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան` ՀանդArt-ում

Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վիպակի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որի պրեմիերան տեղի ունեցավ «ՀանդArt» մշակութային այգում։ 

 Ցուցադրությունից առաջ ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանը նշեց, որ միշտ փնտրել է լավ նյութ նկարահանման համար։

undefined

   «Համարում եմ, որ դասական գործերը ժամանակի միջով անցած ու ամրացած նյութեր են։ Դրա համար ընկերներիցս Գևորգը խորհուրդ տվեց, որ Վահե Քաչա կարդամ, և ես շատ ուզեցի նկարահանել այս ֆիլմը։ Մարդկային հոգեբանության, վախից առաջացած պահվածքի մասին է, որտեղ շատ շերտեր կան։ Երբ մարդկանց գցում են այդ վիճակի մեջ և հետևում, թե ինչպես կվարվեն։ Չորս մասից բաղկացած ֆիլմ է, բայց այսօր հանդիսատեսը տեսնելու է մի փոքր կրճատված ու մեկ ֆիլմ դարձրած տարբերակը։ Գլխավոր ասելիքն այն է, որ հանդիսատեսը նայի ու հիշի, որ ինքը սովորական մարդ է, որը զերծ չէ հանգամանքներից դրդված փոփոխություններից, հանդիսատեսը պետք է նայի ու իր մարդ լինելը վերաարժեքավորի»,- ասաց Կբեյանը։


   Պրիեմիերայի համար ցուցադրության վայրը ևս պատահական չէր ընտրված. «ՀանդArt» այգի-թատրոնի հիմնադիր, ռեժիսոր, դերասան Տիգրան Գյուլումյանը շեշտեց` իրենց մոտ բացառապես հայկական գործեր են բեմադրվում։

undefined

  «Քանի որ ֆիլմի հիմքում հայկական գործ է, ապա շատ ցանկացանք, պահելով ավանդույթը, այն ցուցադրել մեզ մոտ։ Մենք ունենք ներկայացումներ, բայց նաև` ֆիլմի ցուցադրության հնարավորություն բաց երկնքի տակ։ Ռեժիսոր Հայկին հանդիպեցի, խոսեցինք ու այս ֆիլմը դարձավ մեր ծիծեռնակը հայկական ֆիլմերի ցուցադրության հարցում։ Շատ մտորելու ֆիլմ է, որտեղ լավ ընկերներն ըստ իրավիճակի պատռում են դիմակները, սկսվում է իրավիճակ, որտեղ ամեն մարդ իրեն փրկելու համար պատրաստ է վնասել դիմացինին»։


   Ո՞ւմ կընտրեն որպես պատանդ, ո՞վ է ավելորդը... բարեկամների խնջույքից գիշատիչների խնջույք վերափոխված իրականության մեջ դերակատարներն են Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Էմմա Մանուկյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էլեն Գևորգյանը, Վիլեն Սարգսյանը, Վարշամ Գևորգյանը և Հայկ Սարգսյանը։

undefined

   «Կերպարս սպա է, որն ինտելեկտուալ և հրաշալի կերպար է։ Ես ուսումնասիրեցի այդ ժամանակաշրջանի տարբեր սպաների, քանի որ պատասխանատու էր այդ դերով հանդես գալը։ Հիանալի թիմ էր հավաքված, իսկ Հայկ Կբեյանի հետ արդեն մեր չորրորդ համագործակցությունն է, և հուսով եմ, որ հանդիսատեսը կհավանի։ Ֆիլմը մարդկանց մասին է, առաջին հայացքից ոչ-ոք իրեն չի տեսնում այդ իրավիճակում, մեղադրում են, որ ինչ վատ մարդիկ են, որ իրար փորձում են ոչնչացնել, բայց չենք կարող ասել, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես կվարվեր այդ իրավիճակում։ Սպան հոգեբանական ճնշում է գործադրում, որ խնջույքի ներկաներն իրենք որոշեն, թե ում պետք է տան պատանդ»,- պատմեց Մկրտիչ Արզումանյանը։


 Վահե Քաչայի ️«Գիշատիչների խնջույքը» վիպակում իրադարձությունները տեղի են ունենում 1942թ.՝ օկուպացիայի շրջանի Փարիզում՝ Բրիժիտ Մանսենի տարեդարձի օրը։ Քաչան իր հերոսներին այսպես կոչված, «սահմանային իրավիճակի» մեջ է դնում, որից հետո խնամքով հանում է նրանց դիմակները։ Ֆիլմի համար սցենարի ադապտացիան արել է Անահիտ Աղասարյանը։ Նա չի պահել ժամանակն ու վայրը` ավելի շեշտը դնելով մարդկանց ապրումների վրա։



Արմինե Բրսոյան