Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախագահությամբ դատավոր Հ. Ասատրյանի, հրապարակել է որոշում Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների քրեական գործի ընդդատության վերաբերյալ:
Ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արձանագրվել է. «Արմավիրի մարզի առատին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան փոխանցելով, դրսևորել է բացառապես սյուբեկտիվ և ձևական մոտեցում, առանց օբնեկտիվ նախադրյալների նախաձեռնել է ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացրել է ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայով երաշխավորված ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ»:
Վճռաբեկ դատարանը որոշել է, որ Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների քրեական գործն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին:
Նշենք, որ վեճի առարկա էր դարձել այն հանգամանքը, որ գործում նշված չի եղել, թե կոնկրետ Վեհափառ Հայրապետը որտեղ է կայացրել իր տնօրինությունը, որով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) պաշտոնանկ է արվել, ապա հռչակվել կարգալույծ: Մինչդեռ գործում նշված է եղել, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, այսինքն 6 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները որոշում կայացրել են Էջմիածնում:
Հիշեցնենք, որ գործի ընդդատության հարցը բարձրացրեց դատավոր Սերժ Ռուշանյանը: Դատական նիստի ընթացքում նա հայտարարեց, որ ամենևին միտում չունի գործից հրաժարվել և ընդդատության հարցը լուծելուց հետո պատրաստ է քննել գործը: Սերժ Ռուշանյանը գործն ուղարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, այն մակագրվեց դատավոր Վահագն Մելիքյանին, վերջինս էլ սեպտեմբերի 3-ին որոշում էր կայացրել գործն ուղարկել Վճռաբեկ դատարանի քրեական պալատ:
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազաններին Նաթան Սրբազանին, Հայկազուն Սրբազանին, Վահան Սրբազանին, Մակար Սրբազանին, Մուշեղ Սրբազանին, Հովնան Սրբազանին վերագրվող քրեկան գործը հուլիսի 27-ին էր մուտք եղել դատարան և մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին: Օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորը ինքնաբացարկ հայտնեց` պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիրն ինքը ստացել է Արա Զոհրաբյանից, որը հանդիասնում է գործով պաշտպան:
Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը:
Բոլորին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշենք, որ գործը վերաբերում է Արման Սարոյանի (նախկին Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) քաղաքացիական դատարան ներկայացրած հայցադիմումին, որով պահանջում էր, որ իրեն վերականգնեն թեմակալ առաջնորդի պաշտոնում: Ըստ մեղադրանքի Վեհափառ Հայրապետը և ԳՀԽ 6 սրբազանները չեն կատարել քաղաքացիական դատարանի միջանկյալ որոշումը, այն է ապահովել, որ Արման Սարոյանը կատարի Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պարտականությունները:
Հասմիկ Սարգսյան









