Foto

Մերցը հայտարարել է կուսակցական համակարգում տեկտոնական տեղաշարժի մասին՝ AfD-ի հաղթանակից հետո

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկիրը բախվել է «կուսակցական համակարգում տեկտոնական տեղաշարժի» Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանական ընտրություններում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակից հետո, և որ երկրի իշխանություններն այլևս չեն կարող հետևել գոյություն ունեցող օրակարգին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Bild թերթի տեղեկատվության՝ կառավարող Քրիստոնեադեմոկրատական ​​միության դաշնային վարչության նիստում Մերցը հիասթափություն է հայտնել AfD-ի հաջողությունից։

«Մենք ունենք ուժեղ սահմանադրություն, ունենք բոլոր միջոցներն՝ այն պաշտպանելու երկրամասի ծայրահեղ աջ կառավարությունից, բայց մենք բախվեցինք տեկտոնական տեղաշարժի մեր կուսակցական համակարգում, – նշել է Գերմանիայի կանցլերը։ – Դա ցնցում է մեր կուսակցությունը մինչև հիմքը։ Մենք չենք կարող պարզապես վերադառնալ սովորական օրակարգին՝ ո՛չ ես, ո՛չ էլ դաշնային կառավարությունը»։

Միևնույն ժամանակ, Մերցը խոստովանել է, որ իր կուսակցությանը «չհաջողվեց հուզական շփում գտնել մարդկանց հետ»։ Նրա խոսքով՝ բացակայում է «հուզական աջակցությունը բնակչության կողմից»։

«Մենք չենք կարող անտեսել դա», – արձանագրել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Մերցը խոստովանել է, որ Քրիստոնեադեմոկրատական ​​միությունը «դրամատիկ պարտություն» կրեց Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում: Նա բացառել է համագործակցությունը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ: