Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը թեմի հոգևորականներին և հավատավոր ժողովրդին համախմբեց Ամբերդի գողտրիկ ու հինավուրց Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Դարավոր սրբավայրի օրհնաբեր լռության մեջ կրկին հնչեցին եկեղեցական շարականներն ու աղոթքները՝ միավորելով ներկաներին աղոթքի շուրջ:
Ընթացս ժամերգության իր պատգամը ներկաներին փոխանցեց Բյուրականի հովվության հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Տեր Հայրն անդրադարձավ քրիստոնյաների հավաքական լինելու, միմյանց հետ միասնական աղոթքի մեջ գտնվելու և աղոթական կյանքով ապրելու կարևորությանը՝ ընդգծելով, որ Եկեղեցու զորությունը նաև հավատացյալների հոգևոր միասնության մեջ է։
Իր խոսքում Տեր Հայրը նշեց․ «Քրիստոս մեր պարտքերի պարտամուրհակը գամեց Խաչին և մեզ էլ ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20)։ Եվ այս խոսքերն այսօր ուղիղ իմաստով ուղղված են մեզ»։
Տեր Հայրը հորդորեց ներկաներին մշտապես աղոթել Հայրենիքի խաղաղության և բարօրության, Սուրբ Եկեղեցու անսասանության ու զորացման, ինչպես նաև ողջ հոգևոր դասի և նամանավանդ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի շուտափույթ թեմ վերադարձի ու իր հավատավոր հոտի կողքին լինելու համար։









