Foto

Սխալը` սխալի ետեւից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոմանք հիանում են Հայաստանի այսօրվա վարած արտաքին քաղաքականությամբ, դա անվանում են ճկուն, հավասարակշռված, դիվերսիֆիկացիայի ձգտող, այլընտրանքներ ձեւավորող քաղաքականություն: Իբրեւ թե` տեսեք, թե ինչպես ենք տարբեր բեւեռների միջեւ «խաղեր տալիս», իրար հետ հակասություններ ունեցող ճամբարների միջեւ լարախաղացություն անում, դա է փոքր երկրների անելիքը: Բայց դիվանագիտությունից, արտաքին քաղաքականությունից գլուխ հանող մարդիկ ճիշտ հակառակն են ասում:

ՀՀ արտաքին քաղաքականությունը սխալներով ու վրիպումներով լի քաղաքականություն է, երբ մի սխալը դեռ չշտկած՝ հաջորդ սխալն է արվում, եւ անգրագիտությունն ու մեծամտությունը խանգարում են գոնե սովորել այդ սխալների վրա: Ո՞վ կարող է որեւէ հոդաբաշխ բացատրություն տալ, թե տարիներ առաջ մենք ինչու միացանք Հռոմի ստատուտին, եթե որեւէ հայց չէինք ներկայացնելու Հռոմի միջազգային դատարան, դրանով ընդամենը Ռուսաստանի հետ հարաբերություններն էինք փչացնելու: Կամ` ի՞նչ իմաստ ուներ այդ մեռելածին` ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել, եթե ոչ մի քայլ չէր արվելու, անգամ հայտ չէր ներկայացվելու, եւ հիմա ստիպված էին լինելու արդարանալ, թե դա քաղհասարակությունն է նախաձեռնել, մենք չենք, եւ ընդունեցինք, որ դրանք մեզնից «վազն անցնեն»` հանրաքվե չպարտադրեն: Ի՞նչ իմաստ ունի առհասարակ ԱԺ ամբիոնից ՀԱՊԿ-ի եւ ռազմավարական դաշնակցի հասցեին հոխորտալը, եթե գնալու ես տետատետ հանդիպման եւ սկսես խնդրել, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր մենք չունենք: Ո՞վ չի հասկանում, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն քույր կազմակերպություններ են` եթե չկաս մեկում, չես կարող լինել նաեւ մյուսում: Չես կարող օգտվել Ռուսաստանի հետ բարեկամության օգուտներից, հրաժարվել` պարտականություններից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։