Գերմանիայի արևելքում գտնվող Սաքսոնիա նահանգի երկու էլեկտրաենթակայանում ուրբաթ օրը պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Bild թերթը։
Էլեկտրաենթակայանները գտնվում են Գյորլիցի շրջանում՝ Բրանդենբուրգի հետ սահմանին, քարհանքի հարևանությամբ։ Այստեղ LEAG ընկերությունը արդյունահանում է գորշ ածուխ, որն օգտագործվում է Յանցվալդեի և Բոքսբերգի (Սաքսոնիա) էլեկտրակայաններում էլեկտրաէներգիա արտադրելու համար։
«Ներկայում իրականացվում են քննչական գործողություններ։ Մարտավարական նկատառումներից ելնելով՝ մենք այլ մեկնաբանություններ չենք կարող տալ»,- հայտարարել են ոստիկանությունից։
Սա Գերմանիայի էլեկտրաենթակայաններում տեղի ունեցած առաջին նման միջադեպը չէ։ Սեպտեմբերի 1-ին անհայտ անձինք պայթուցիկով ինքնաշեն հրթիռներ էին արձակել Բրանդենբուրգում ածխով աշխատող ՋԷԿ-ի էլեկտրաենթակայանի ուղղությամբ։









