Foto

Հայաստանի ներսում՝ ռեպրեսիվ տրամաբանության խորացում, դրսում՝ Մոսկվայի հետ բացվող նոր ճակատ

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն պահպանեց իշխանությունը, այլև ստացավ քաղաքական նոր մանդատ։ Սակայն վերընտրվելուց հետո տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանության և ընդդիմադիր կամ նախկին իշխանությունների հետ կապվող ազդեցիկ շրջանակների միջև հակամարտությունը ոչ թե թուլացել, այլ մտնում է նոր՝ ավելի կոշտ փուլ։ Առաջին խոշոր ազդանշաններից մեկը Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն ու ապա կալանավորումն էր։ Հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Քննչական մարմինները նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեջ, մինչդեռ Ծառուկյանը մեղադրանքները որակել է որպես կեղծ և շինծու։ Հաջորդ հարվածը եղավ ավելի քաղաքական կշիռ ունեցող ֆիգուրին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Օգոստոսի 25-ին իրավապահները խուզարկություններ իրականացրեցին Քոչարյանին և նրա ընտանիքին առնչվող տասնյակ հասցեներում, իսկ նախկին նախագահը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվեցին։ Քոչարյանին ներկայացված մեղադրանքները վերաբերում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացմանը։ Քոչարյանը մեղքը չի ընդունում։ Բայց այս պատմության ամենաքաղաքականապես զգայուն դրվագներից մեկը դարձավ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունը։ Այստեղ արդեն հարցը միայն քրեական գործի շրջանակներում իրականացվող գործողության մասին չէ։ Քոչարյանի պաշտպանը հայտարարել է, որ պատգամավորի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է՝ պնդելով, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման ենթատեքստով գործողություն իրականացնելուց առաջ պետք էր հաղթահարել նրա պատգամավորական անձեռնմխելիությունը։ Իսկ քաղաքականության մեջ երբեմն ոչ պակաս կարևոր է ոչ միայն այն, թե ինչ մեղադրանք է ներկայացվում, այլև՝ երբ, ում նկատմամբ և ինչ քաղաքական միջավայրում է դա տեղի ունենում։ Այս շարքում հաջորդ ուշագրավ դրվագը Գագիկ Խաչատրյանի դեմ նոր քրեական հետապնդումն է։ Սեպտեմբերի 1-ին Գլխավոր դատախազությունը հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահի նկատմամբ նոր մեղադրանքների առաջադրման մասին, իսկ Քննչական կոմիտեն հաստատեց նրա ձերբակալությունը՝ կալանավորման միջնորդություն ներկայացնելու նպատակով։ Եթե նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ գործերը դիտարկենք մեկ ընդհանուր քաղաքական ֆոնի վրա, ապա ակնհայտ է դառնում մեկ միտում․ ընտրություններից հետո իշխանությունը չի գնացել քաղաքական առճակատման մեղմացման ճանապարհով։ Ընդհակառակը՝ իշխանության հակառակորդների նկատմամբ իրավական գործընթացները շարունակվում և ընդլայնվում են։

Զուգահեռաբար ձևավորվում է երկրորդ՝ արտաքին քաղաքական ճակատը։ Հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումները ցույց են տալիս, որ երկու երկրների միջև նախկինում գոյություն ունեցած ռազմաքաղաքական և տնտեսական կախվածությունների համակարգն աստիճանաբար վերածվում է բաց բանակցային ճնշումների։ Ամենատեսանելի դրսևորումը տնտեսական ոլորտում է։ 2026 թվականի մայիսից Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել հայկական տարբեր ապրանքների նկատմամբ՝ մրգերից և բանջարեղենից մինչև ծաղիկներ, ձուկ, կաթնամթերք և այլ ապրանքներ։ Հունիսի 12-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց Հայաստանից Ռուսաստան բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը և դրանց տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ։ Մոսկվան այս քայլերը պաշտոնապես հիմնավորում է ֆիտոսանիտարական և անասնաբուժական պահանջների խախտումներով։ Սակայն քաղաքական համատեքստում դժվար է անտեսել այն փաստը, որ սահմանափակումները համընկնում են Հայաստանի՝ դեպի Եվրամիություն ինտեգրման գործընթացի արագացման հետ։ Հենց այդ պատճառով Երևանում դրանք ընկալվում են ոչ միայն որպես տեխնիկական առևտրային խնդիր, այլև որպես տնտեսական ճնշման գործիք։ Իրավիճակն այնքան լուրջ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսին դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել հայկական արտահանման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների վերացման հարցում։ Ստացվում է բավական ուշագրավ հակասություն․ մի կողմից Երևանը հայտարարում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և եվրոպական ուղղությամբ շարժվելու մասին, մյուս կողմից՝ ռուսական շուկայի նշանակությունը Հայաստանի տնտեսության համար ստիպում է վարչապետին անձամբ դիմել Ռուսաստանի նախագահին՝ տնտեսական սահմանափակումները մեղմելու համար։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի և Մոսկվայի միջև ՀԱՊԿ-ի շուրջ ձևավորված խոսույթը։ Փաշինյանը հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը որոշեր հեռացնել Հայաստանին։ Մոսկվայի պատասխանը երկար սպասել չտվեց։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ եթե Հայաստանը չի համարում ՀԱՊԿ-ին անդամակցությունը անհրաժեշտ իր ազգային շահերի տեսանկյունից, ապա կարող է պարզապես դուրս գալ կազմակերպությունից։ Այս պատասխանը քաղաքական իմաստով ավելի կարևոր է, քան կարող է առաջին հայացքից թվալ։ Մոսկվան փաստացի հրաժարվում է Հայաստանի համար ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը ներկայացնել որպես Ռուսաստանի կողմից Հայաստանին «դուրս մղելու» գործընթաց։ Փոխարենը պատասխանատվությունը վերադարձվում է Երևանին․ եթե պետք չէ՝ դուրս եկեք։

Նույն տրամաբանությունն է գործում նաև տնտեսական ինտեգրացիայի հարցում։ Մոսկվան և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունները Հայաստանին առաջարկել են հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։ Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ առաջարկելով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել։ Վլադիմիր Պուտինը հետագայում ևս վերադարձավ այս թեմային։ Հուլիսի 27-ին Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա կրկին անդրադարձավ հանրաքվեի անհրաժեշտությանը։ Երևանի դիրքորոշումը տարբեր է․ Փաշինյանը հայտարարել է, որ հանրաքվեն հնարավոր կլինի քննարկել այն ժամանակ, երբ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը հասնի համապատասխան փուլին։ Սակայն այստեղ ևս իրավիճակը զարգանում է արագ։ Օգոստոսի 25-ին Փաշինյանը արդեն հայտարարեց, որ Հայաստանը «մոտ ապագայում» պաշտոնապես կդիմի ԵՄ անդամակցության համար և հետագայում հանրաքվեի հարց կդնի։ Այսպիսով՝ Երևանի մարտավարությունը կարծես թե հետևյալն է․ չգնալ կտրուկ և միանգամից խզման, բայց քայլ առ քայլ փոխել երկրի ռազմավարական ուղղությունը, մինչդեռ Մոսկվայի մարտավարությունը հակառակն է՝ ստիպել Երևանին հնարավորինս արագ հստակեցնել իր ընտրությունը։

Եվ այս ամենին զուգահեռ Հայաստանի առջև բացվում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլը։ Տիգրանաշենի՝ Ադրբեջանին փոխանցելու գործընթացի շուրջ քննարկումները այս առումով առանձնահատուկ նշանակություն ունեն։ Եթե նախկինում իշխանությունը սահմանազատման և սահմանագծման գործընթացը ներկայացնում էր որպես խաղաղության հաստատման անհրաժեշտ պայման, ապա այժմ այդ գործընթացի յուրաքանչյուր կոնկրետ հատված Հայաստանում վերածվում է ներքաղաքական և աշխարհաքաղաքական քննարկման առարկայի։ Տիգրանաշենի հարցը հատկապես զգայուն է, որովհետև այն ոչ միայն տարածքային կամ սահմանային խնդիր է, այլև Հայաստանի հանրային ընկալման մեջ կապված է իշխանության կողմից Ադրբեջանին հնարավոր զիջումների ընդհանուր քաղաքականության հետ։ Եվ հենց այստեղ է առաջանում Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հետ քաղաքական կապի մասին հարցը։ Ուղիղ պատճառահետևանքային կապ պնդելու հիմք չկա, սակայն քաղաքական տեսանկյունից դժվար է չնկատել, որ նախկին նախագահին և նրա ընտանիքին վերաբերող իրավական գործընթացները զարգանում են այն ժամանակ, երբ իշխանությունը միաժամանակ առաջ է տանում հայ-ադրբեջանական կարգավորման և սահմանների փոփոխության հետ կապված գործընթացներ։ Քոչարյանի քաղաքական կերպարը տասնամյակներ շարունակ կապված է Ղարաբաղյան հակամարտության, անվտանգության և տարածքային ամբողջականության հարցերի հետ, իսկ նրա քաղաքական թիմը ներկայումս իշխանության ամենաակտիվ քննադատներից է։ Հետևաբար Քոչարյանի կալանավորումը կարող է դիտարկվել ոչ միայն որպես առանձին քրեական գործի զարգացում, այլև որպես այն քաղաքական դաշտի թուլացման փորձ, որը կարող է առավել կոշտ դիմադրություն ցույց տալ իշխանության կողմից Ադրբեջանի հետ ձեռք բերվող պայմանավորվածություններին։ Սա, սակայն, քաղաքական վարկած է, ոչ թե հաստատված փաստ։

Տիգրանաշենի թեման այսպիսով տեղավորվում է ավելի լայն շղթայի մեջ․ Հայաստանի իշխանությունը ներսում փորձում է թուլացնել նախկին իշխանությունների և գործող ընդդիմության ազդեցության կենտրոնները, Ադրբեջանի հետ առաջ է տանում սահմանային և խաղաղության գործընթացները, իսկ արտաքին քաղաքականության մեջ աստիճանաբար հեռանում է Ռուսաստանի ռազմաքաղաքական համակարգից և շարժվում դեպի եվրոպական ուղղություն։ Այս երեք գործընթացները կարող են լինել միմյանցից անկախ, սակայն քաղաքական հետևանքների տեսանկյունից դրանք արդեն հատվում են։ Եթե Քոչարյանի նկատմամբ քրեական գործընթացը դիտարկենք նրա քաղաքական կենսագրության և անվտանգության հարցերում դիրքավորման համատեքստում, ապա նրա կալանավորումը կարող է իշխանությանը տալ նաև ներքաղաքական լրացուցիչ ազատություն՝ առանց ամենակոշտ ընդդիմադիր քաղաքական կենտրոններից մեկի անմիջական հակազդեցության առաջ տանելու այն որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Միևնույն ժամանակ իշխանությունը ընտրություններից հետո ստացել է ուժեղ մանդատ և կարծես թե այդ մանդատը մեկնաբանում է ոչ միայն որպես կառավարելու, այլև նախկին քաղաքական ազդեցության կենտրոնները վերջնականապես թուլացնելու հնարավորություն։

Մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով Փաշինյանի կառավարությունը փորձում է իրականացնել նույն տրամաբանության արտաքին քաղաքական տարբերակը՝ աստիճանաբար նվազեցնել ռուսական կախվածությունը և մեծացնել այլընտրանքները։ Բայց այստեղ արդեն առաջանում է Հայաստանի համար ամենաբարդ հակասությունը։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը տեղի է ունենում այն պահին, երբ Ադրբեջանը և Հայաստանը փորձում են վերջնականացնել խաղաղության օրակարգը, իսկ Հայաստանը փորձում է փոխել իր անվտանգության հենարանները։ Եթե նախկինում ռուսական կողմը տարածաշրջանային անվտանգության համակարգի առանցքային դերակատարներից էր, ապա այժմ Երևանը փորձում է այդ համակարգից դուրս կառուցել նոր հարաբերություններ՝ միաժամանակ բանակցելով Ադրբեջանի հետ և խորացնելով կապերը Արևմուտքի հետ։

Այստեղ էլ հայտնվում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը։ Վերջին շրջանում այս թեման ևս դուրս է եկել փակ դիվանագիտական քննարկումների շրջանակից։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը կարծում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիքն այլևս չունի, Ռուսաստանը պատրաստ է հեռանալ նույնիսկ վաղը՝ ընդգծելով, որ Մոսկվան ոչինչ չի պարտադրի Հայաստանին։ Ռուսաստանի այս դիրքորոշումը ևս ունի քաղաքական ենթատեքստ․ Մոսկվան չի ասում, որ պետք է մնա ամեն գնով, այլ հակառակը՝ պատասխանատվությունը փոխանցում է Հայաստանին։ Եթե Երևանը կարծում է, որ ռուսական ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ, թող որոշումը կայացնի ինքը։

Առավել հետաքրքիր է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսույթում վերջին շրջանում հայտնվել է մեկ այլ հասցեատեր՝ Հայաստանի հասարակությունը։ Սեպտեմբերի 1-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդությունը կարող է մեծ դեր ունենալ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում և շեշտեց, որ ռուս-հայկական հարաբերությունները պետք է լինեն հնարավորինս լավը։ Սա դիվանագիտական լեզվով ասած՝ ուշագրավ փոփոխություն է։ Եթե նախկինում Մոսկվայի հիմնական հասցեատերը Հայաստանի իշխանությունն էր, ապա այժմ ուղերձները ավելի ու ավելի հաճախ ուղղվում են հայ հասարակությանը, երիտասարդությանը և քաղաքական դաշտին։ Ռուսաստանի համար հայ-ռուսական հարաբերությունների ապագան այլևս միայն Փաշինյան–Պուտին հարաբերությունների հարց չէ։

Այս ամբողջ շղթան՝ Ծառուկյանի կալանավորումից մինչև Քոչարյանի ընտանիքի նկատմամբ գործողությունները, Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության շուրջ առաջացած անձեռնմխելիության հարցը, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդումը, Տիգրանաշենի փոխանցման գործընթացը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արագացումը և միաժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրացումը, կարելի է դիտարկել որպես Հայաստանի քաղաքական համակարգի վերաձևավորման ավելի լայն գործընթացի մաս։ Ներսում իշխանությունը փորձում է փակել նախկին քաղաքական համակարգի վերադարձի հնարավորությունը, իսկ դրսում՝ փոխել այն անվտանգության և տնտեսական համակարգը, որի վրա այդ նախկին համակարգը տասնամյակներ շարունակ կառուցված էր։

Հարցն այն է, թե որքան հեռու կարող է գնալ այս գործընթացը։ Եթե նախկինում Երևանը փորձում էր միաժամանակ պահպանել կապերը Ռուսաստանի հետ և զարգացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, ապա այսօր այդ հավասարակշռությունը գնալով դժվարանում է։ Մոսկվան արդեն պահանջում է ընտրություն՝ ԵՄ, թե ԵԱՏՄ, ՀԱՊԿ, թե դուրս գալ, ռուսական ռազմաբազա, թե դրա կարիքի բացակայություն։ Իսկ Հայաստանի ներսում իշխանությունը միաժամանակ փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ քրեական հետապնդումների և նախկին ազդեցիկ քաղաքական կենտրոնների չեզոքացման միջոցով։ Այս գործընթացին զուգահեռ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջ են գալիս տարածքային և սահմանային զգայուն հարցեր, այդ թվում՝ Տիգրանաշենի շուրջ քննարկումները։ Եվ հենց այս հանգամանքն է քաղաքական առումով ամենաէականը․ իշխանության համար արտաքին քաղաքական շրջադարձը կարող է հնարավոր լինել միայն այն դեպքում, եթե ներսում այն ունենա բավարար քաղաքական վերահսկողություն և նվազագույն դիմադրություն։

Ուստի այսօր Հայաստանում տեղի ունեցողը պարզապես «կոռուպցիայի դեմ պայքար» կամ պարզապես «հայ-ռուսական հարաբերությունների վատացում» չէ։ Առաջանում է ավելի լայն քաղաքական վերադասավորման պատկեր, որի մի կողմում ներքաղաքական դաշտի վերաձևավորումն է, մյուսում՝ Հայաստանի հարաբերությունների փոփոխությունը Ռուսաստանի, Եվրամիության և Ադրբեջանի հետ։ Քոչարյանի կալանավորումը, Տիգրանաշենի շուրջ զարգացումները, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հայ-ռուսական հարաբերությունների սրումը այս պահին կարող են դիտարկվել որպես նույն մեծ քաղաքական վերադասավորման տարբեր դրսևորումներ, թեև դրանց միջև ուղղակի պատճառահետևանքային կապի մասին վերջնական պնդումներ անել դեռ վաղ է։

Առաջիկա ամիսները ցույց կտան՝ Փաշինյանի իշխանությունը կկարողանա՞ այդ անցումը կատարել վերահսկելի ձևով, թե՞ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և ներքաղաքական հակամարտությունը կվերածվեն արդեն ոչ թե առանձին խնդիրների, այլ Հայաստանի քաղաքական համակարգի վրա միաժամանակ ազդող մեկ ընդհանուր ճգնաժամի։ Այս պահին ամենավտանգավորն այն է, որ երկու գործընթացներն էլ՝ ներքին ռեպրեսիվ ճնշման աճը և արտաքին քաղաքական բևեռացման խորացումը, զարգանում են միաժամանակ։

Հեղինակ: Աննա Ավետիսյան