Foto

Երեխաների նկատմամբ հնարավոր բռնության ահազանգից օրեր են անցել․ ոստիկանությունը դեռ չի գործել

Անչափահաս երեխաների հայրը՝ Տ․Վ․-ն, դիմել է Aysor.am-ին՝ պատմելով, որ ոստիկանությունում ահազանգել է իր անչափահաս երեխաների նկատմամբ հնարավոր բռնության մասին, սակայն իրավապահները մինչ օրս չեն գործել։

Այսպես, շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, երկու անչափահաս երեխաների հայրը դիմել է Ոստիկանություն՝ հայտնելով երեխաների նկատմամբ հնարավոր ընտանեկան բռնության մասին և պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ դիմումի՝ երեխաները գնացել էին մոր տուն՝ իրենց դպրոցական իրերը վերցնելու, սակայն մայրը, նրանց կամքին հակառակ, կողպել է տան դուռը, թույլ չի տվել դուրս գալ և վերադառնալ հոր մոտ։

Հայրը հայտնել է նաև որդու նկատմամբ ֆիզիկական ներգործության մասին։ Երեխաները հայտնվել են ծանր հուզական վիճակում, բարձր բղավել են, իսկ որդու համար անգամ շտապ բժշկական օգնություն է կանչվել։

Ավելին՝ ըստ հոր, երեխաներից վերցվել են կապի միջոցները, և նրանք փաստացի զրկված են հոր հետ ինքնուրույն կապ հաստատելու հնարավորությունից։

Հայրն էլ չի կարողանում կապվել երեխաների հետ․ մայրը չի արձագանքում նրա հաղորդագրություններին և երեխաների հետ որևէ կապ չի ապահովում։

Ոստիկանությանը ներկայացվել է ոչ թե ծնողների միջև սովորական վեճի, այլ երկու երեխաների նկատմամբ հնարավոր ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին ահազանգ։

Մինչդեռ դիմումը ներկայացվել է դեռ շաբաթ օրը։ Այդ օրվանից անցել է մի քանի օր, իսկ Ոստիկանությունը մինչ օրս որևէ գործողություն չի կատարել։ Երեխաներին չի լսել չեզոք և անվտանգ միջավայրում, չի գնահատել բռնության կրկնման կամ շարունակման ռիսկը և որևէ պաշտպանական միջոց չի կիրառել։

Իրավիճակն առավել մտահոգիչ է, քանի որ նույն երեխայի նկատմամբ բռնության մասին սա առաջին ահազանգը չէ։ 2024 թվականին նրա մայրական տատը ձերբակալվել էր երեխայի բերանը կպչուն ժապավենով փակելու, նրան ֆիզիկական ներգործությամբ ննջասենյակ տանելու և այնտեղ փակելու միջոցով ֆիզիկական ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով։