Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանն ապրում էր Ձորաղբյուրում, գրել է բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը։
Նրա տեղեկություններով՝ անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մի տարով՝ սրտի խնդիրների պատճառով։
«Այս տարի հուլիսի 22-ին զորակոչվել էր բանակ։ Փաստացի՝ 1 ամսվա զինծառայող էր։ Ուներ իրենց մեկ տարի փոքր եղբայր՝ Վոլոդյա Վարդանյան։ Ծնողներն ունեն առողջական խնդիրներ, ապրում էին եղբայրների աշխատանքով։
Ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել և զորամասից դուրս տարածքում, ճանապարհի վրա, վազել են հակագազերով, այդ իսկ պատճառով էլ չեն լսել ու նկատել մոտեցող բեռնատարը։ Վիրավոր զինվորներից մեկի մոր խոսքերով՝ իր որդին «հոդվածավորված» է եղել և ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից», - գրել է Գևորգյանը։
Հիշեցնենք, որ «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների։ Նրանցից մեկը մահացել է։
ՊՆ-ից հայտնել են, որ վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։
Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ:









