«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության բարձր օղակներում քննարկվում են նաև սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի պաշտոնանկության հարցերը։
Սինանյանի պաշտոնի թեկնածուի անունն էլ է շրջանառվում․ նա հուլիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատված սփյուռքահայ Դանիել Դանիելյանն է, որը ԿԳՄՍՆ-ում համակարգում էր մշակույթի ոլորտը։ Ինչ վերաբերում է ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանին, որին հենց առաջին օրվանից համակարգը չընդունեց իր երիտասարդ տարիքի և սեռի պատճառով, քանի որ համակարգում հիմնականում տղամարդիկ են աշխատել՝ զինվորականներ, ճանապարհ անցած և կալանավայրերի բարդ համակարգից գլուխ հանող տարիքն առած մարդիկ։ Նրա աշխատանքից դժգոհություններն այնքան շատ են, որ դրանք հասել են ամենավերև, սակայն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամեն գնով պահում է իր ընկերուհուն և անձամբ է խնդրել Նիկոլ Փաշինյանին՝ էլի շանս տալ նրան, ու առաջարկել է համակարգի հետ կապված քննարկում կազմակերպել վարչապետի մոտ, որտեղ իրենք կապացուցեն, որ, անկախ դժգոհություններից, իրականում Թադևոսյանը լավ է աշխատում։ Ասում են՝ Փաշինյանը համաձայնել է քննարկման առաջարկին։
Ի դեպ, տիկնոջ պաշտոնանկության հարցում ամենաշահագրգիռը նրա տեղակալն է, որը պետի աթոռին նստելու հավակնություններ ունի»։









