«Wildberries»–ը վաճառողների համար նախատեսված աջակցության ժամկետը երկարաձգել է մինչև 2027 թվականի փետրվար։
«FBS մոդելով աշխատող և ռուսական պահեստների վրա ուկրաինական զինուժի հարձակումներից տուժած ձեռնարկատերերի համար իրականացվող աջակցության միջոցառումները կիրականացվեն մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը ներառյալ», - ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
FBS (Fulfillment by Seller)-ը մարկետփլեյսներում աշխատանքի մոդել է, որի դեպքում վաճառողը ապրանքները պահում է իր մոտ, ինքնուրույն է հավաքում, փաթեթավորում և մակնշում պատվերները, այնուհետև դրանք փոխանցում է մարկետփլեյսին՝ առաքման համար։
Ընկերությունը պարզաբանել է, որ երկարաձգված միջոցառումների թվում են պատվերների արագ առաքման համար նվազեցված միջնորդավճարը, պատվերների ավտոմատ չեղարկման երկարացված ժամկետը, պատվերների հանձնման կետերում ապրանքների մշակման արտոնյալ արժեքը, «Վաճառողի պահեստի հանգստյան օրեր» սակագների կոնստրուկտորի տարբերակի անվճար օգտագործումը, ինչպես նաև պատվերների հանձնման կետերի միջոցով ապրանքների ավտոմատ վերադարձի նվազեցված արժեքը։
Այս փոփոխությունների շնորհիվ պատվերների կատարման ծախսերը կարող են նվազել մինչև 22%՝ կախված ապրանքի տեսակից։ Ընկերությունում նշել են, որ թանկարժեք ապրանքների համար խնայողությունը կարող է ավելի մեծ լինել։
Վերջին շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների են ենթարկվել ընկերության մի շարք լոգիստիկ կենտրոններ։ Մարկետփլեյսը միջոցառումներ է իրականացնում տուժած ձեռնարկատերերին աջակցելու համար։ Բացի այդ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանձնարարել է աջակցության միջոցառումներ մշակել նրանց համար։









