Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին մինչ նրան չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ վարչակազմ՝ սկսած 1991թ։ Խոսքը Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու գաղափարի և Միջին Միջանցքի մասին է՝ ինչպես նաև Հայաստանը գլոբալ մատակարարման շղթաներին միացնելու հեռանկարի մասին: Այս նախաձեռնությունը Վաշինգտոնի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ ստեղծում է անխափան հաղորդակցային ուղիներ՝ շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Այս գաղափարը նոր չէ, սակայն իրացման այս փուլին երբեք չի հասել:
Պարզ է, որ այստեղ էական է ժամանակի գործոնը և նախագիծը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել: Հենց դրանով է պայմամավորված այն, որ այս գործընթացում էապես նվազեցված է վաշինգտոնյան բյուրոկրատիայի դերը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ, որպեսզի նախագիծը հնարավորինս արագ կյանքի կոչվի, և դրա առաջխաղացման ճանապարհին Վաշինգտոնի վարչական համակարգում լրացուցիչ խոչընդոտներ չառաջանան՝ ազդելով ծրագրի իրականացման ժամանակացույցի վրա։
Խոսքը վերաբերում է թե՛ Պետդեպարտամենտին, որտեղ որոշումների կայացման գործընթացը հաճախ կարող է դանդաղ լինել, թե՛ Ազգային անվտանգության խորհրդին, որտեղ նույնպես որոշումները և մշակվող սցենարները կարող են բավականին երկար տևել։ Հիմա այս խոչընդհոտները փաստացի չկան: Երկու մրցակից կառույցներն էլ ղեկավարում է Ռուբիոն և որոշումները, իչպես ես նկատում եմ, բավականին արագ են կայացվում՝ գոնե այս նախագծի մասով:
Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև Կոնստանտին Սոկոլովի նշանակմանը, որի շուրջ տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չեղավ։ Նրա նշանակումը պետք է դիտարկել հենց նույն ռազմավարական համատեքստում։ Սոկոլովը բավականին լավ է ճանաչում Հայաստանի բիզնես միջավայրը՝ թե՛ դրա դրական, թե՛ բացասական կողմերը։ Սակայն այստեղ կարևոր է, որ նրա նշանակումը ևս տեղավորվում է բյուրոկրատիան կրճատելու տրամաբանության մեջ։ Նա ունի ուղիղ կապ Թրամփի վարչակազմի առանցքային դեմքերի հետ և TRIPP-ի և ամբողջ նախագծի իրականացման գործընթացում օգտվելու է վարչակազմի անմիջական և անվերապահ աջակցությունից:
Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները։ Վերջիվերջո, TRIPP-ը Իրանի սահմանին ամենամոտը գտնվող ամերիկյան ռազմավարական նախագիծն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հետևաբար սա որոշ անհանգստություններ կարող է ստեղծել ամերիկյան կողմի մոտ, մանավանդ այս լարված փուլում, ինչի հետևանքով ծրագրի կյանքի կոչումը կարող է դանդաղել»:









