Foto

39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտնել էր, որ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում ոչնչացվել է Հայաստանից ներկրված 39,2 հազար հատ թարմ կտրած վարդի խմբաքանակ։ Որոշումը կայացվել է Ռուսաստան կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։ Խոսքը մոտ 39,2 հազար ծաղկի և կեղծ փաստաթղթերի մասին է։

Հայկական ծաղիկների արտահանման շուրջ ստեղծված պատմությունը վերածվում է ոչ միայն մեկ գործարարի կրած վնասի, այլև պետական վերահսկողության և պատասխանատվության լուրջ հարցի։

Այս փաստը հատկապես ուշագրավ է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկած պաշտոնական պատասխանի ֆոնին։

Երբ Հայաստանի պետական մարմնին հարց է տրվում հենց այդ խմբաքանակի ծագման, արտադրողի, փաստաթղթերի, վնասի և ոչնչացման մասին, պատասխանը կրկնվում է՝

«Տվյալ խմբաքանակի, դրա ծագման կամ արտադրողի մասին տեղեկատվության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը […] չի տիրապետում»։

Այս երկու պաշտոնական դիրքորոշումների միջև առաջանում է առանցքային հարց՝ եթե ռուսական կողմը հրապարակայնորեն նույնականացրել է բեռը որպես հայկական ծագման և նշել դրա ծավալը, ինչո՞ւ Հայաստանի իրավասու մարմինը տվյալ խմբաքանակի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթն իր հարցումները ուղարկել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից վերահասցեագրել են մեր հարցերը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որտեղ, փաստացի, այնքան էլ չեն տիրապետում իրավիճակին։

Ռուսական կողմը՝ 39,2 հազար ծաղիկ և կեղծ փաստաթղթեր

Ռոսսելխոզնադզորի հրապարակման համաձայն՝ Բելառուսից Ռուսաստան ներմուծման փորձի ժամանակ հայտնաբերվել է հայկական ծագման ծաղիկների խմբաքանակ։

Ռուսական կողմի ներկայացմամբ՝ խոսքը մոտ 39,2 հազար ծաղկի մասին է, իսկ բեռի տեղափոխումն իրականացվել է փաստաթղթերի հիման վրա, որոնք ռուսական կողմը որակել է որպես կեղծված։

Այս հանգամանքը էապես փոխում է պատմության տրամաբանությունը։

Այստեղ այլևս միայն հարց չէ, թե ինչու է հայկական արտադրանքը հայտնվել Ռուսաստանի սահմանին, երբ դրա մուտքը սահմանափակված է։ Առաջանում է շատ ավելի կոնկրետ հարց՝ ինչ փաստաթղթերով է բեռը շարժվել Բելառուսից դեպի Ռուսաստան, ով է դրանք տրամադրել, և արդյոք այդ փաստաթղթերը որևէ կապ ունեցել են Հայաստանի իրավասու մարմինների կողմից տրամադրված բուսասանիտարական փաստաթղթերի հետ։

Հայաստանի ՍԱՏՄ-ն այդ հարցին իր պատասխանում չի անդրադառնում։

ՍԱՏՄ-ն ասում է՝ դեպի Ռուսաստան հավաստագիր չի տրամադրում

ՍԱՏՄ-ի պատասխանից պարզ է դառնում, որ Ռուսաստանի կողմից սահմանափակումը կիրառելուց հետո Հայաստանից Ռուսաստան ծաղիկ տեղափոխելու բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրվում։

«Տեսչական մարմինը ՌԴ լիազոր մարմնի կողմից ներմուծման սահմանափակում կիրառելուց հետո՝ մայիսի 22-ից, ՀՀ-ից այդ երկիր ծաղիկ տեղափոխելու բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրել»։

Այսինքն՝ Հայաստանի պետական մարմինը տեղյակ է ռուսական սահմանափակման մասին և համապատասխան փաստաթուղթ չի տրամադրում։

Միևնույն ժամանակ ՍԱՏՄ-ն նշում է, որ չի վերահսկում արտահանողի լոգիստիկ երթուղիները։

«Արտահանողի լոգիստիկ երթուղիները վերահսկելու լիազորություն Տեսչական մարմինը չունի»։

Սակայն այստեղ առաջանում է գործարարի համար ամենակարևոր հարցը․ եթե պետական մարմինը գիտի, որ տվյալ շուկան փակ է, իսկ ուղղակի արտահանման համար փաստաթուղթ չի տրամադրում, ի՞նչ մեխանիզմ է գործում՝ կանխելու համար այնպիսի իրավիճակը, երբ հայկական արտադրանքը այլ երկրի տարածքով հասնում է սահմանափակող երկրի սահման։

ՍԱՏՄ-ի պատասխանից այդ մեխանիզմը չի երևում։

Բելառուսը փաստաթղթերը ճանաչել է, Ռուսաստանը՝ կեղծ է համարել

ՍԱՏՄ-ի պատասխանում մեկ այլ կարևոր փաստ կա։

Մարմինը հայտնում է, որ 2026 թվականի հուլիսին Հայաստանից Բելառուս արտահանվել է 363 հազար 956 հատ ծաղիկ, և այդ բեռների համար տրված բուսասանիտարական հավաստագրերը Բելառուսի կողմից ընդունվել ու ճանաչվել են։

«Այդ բեռների համար տրված բուսասանիտարական հավաստագրերը ընդունվել և ճանաչվել են Բելառուսի կողմից. ծաղիկները ներմուծվել են այդ երկիր»։

Այսինքն՝ Բելառուսի ուղղությամբ առնվազն այդ փաստաթղթերը ճանաչվել են։

Միևնույն ժամանակ ռուսական կողմը 39,2 հազար ծաղկի կոնկրետ խմբաքանակի վերաբերյալ խոսում է կեղծ փաստաթղթերի մասին։

Ամենակարևոր հակասությունը՝ ռուսական կողմը բեռը տեսնում է, հայկական կողմը՝ ոչ

Ռուսական կողմի հրապարակման մեջ կա բեռի մոտավոր քանակը՝ 39,2 հազար ծաղիկ, ծագումը՝ հայկական, երթուղին՝ Բելառուսից Ռուսաստան, և փաստաթղթերի վերաբերյալ կոնկրետ պնդում։

Հայաստանի պետական մարմնի պատասխանում, սակայն, նույն կամ համադրելի խմբաքանակի վերաբերյալ ասվում է.

«Տվյալ խմբաքանակի, դրա ծագման կամ արտադրողի մասին տեղեկատվության Տեսչական մարմինը չի տիրապետում»։

Սա այն կետն է, որը պահանջում է ոչ թե ընդհանուր, այլ կոնկրետ պետական պարզաբանում։

Վարդերը ոչնչացվել են, բայց վնասը պետությունը չի հաշվարկել

Գործարարի համար պատմության վերջնական արդյունքը պարզ է՝ ապրանքը ամբողջությամբ ոչնչացվել է։

Սակայն ՍԱՏՄ-ն ոչ միայն չի հաշվարկել վնասը, այլև հայտարարում է, որ տնտեսավարողի ծախսերի վերաբերյալ տեղեկություն ստանալն իր գործառույթը չէ։

Իսկ փոխհատուցման հարցին պատասխանը նույնպես կարճ է.

«Տնտեսավարողի վնասը փոխհատուցելու գործառույթ Տեսչական մարմինը չունի»։

Այսպիսով՝ գործարարը կորցրել է ամբողջ խմբաքանակը, սակայն պետական մարմնի արձագանքը չի ներառում ոչ վնասի գնահատում, ոչ փոխհատուցման մեխանիզմ, ոչ էլ միջամտության որևէ արդյունք։

ՍԱՏՄ-ն նաև ասում է, որ այլ երկրում իրականացվող գործընթացներին միջամտելու լիազորություն չունի, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը մեզ տրված պատասխանում նշում է, որ «Ռոսսելխոզնադզորի» գործընկեր կառույցը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուստի հարցերն անհրաժեշտ է ուղղել իրավասու գերատեսչությանը։

«Տեղեկացնում ենք բոլոր հարթակներով»

ՍԱՏՄ-ն պնդում է, որ ներմուծման և արտահանման սահմանափակումների մասին հանրությանը տեղեկացնում է բոլոր հասանելի հարթակներով։

«Ներմուծման և արտահանման սահմանափակումների մասին Տեսչական մարմինն իրազեկում է հանրությանը հասանելի բոլոր հարթակներով, ներառյալ՝ զանգվածային լրատվամիջոցները»։

Պետությունը կարող է ասել, որ արտահանողի երթուղին վերահսկելու լիազորություն չունի։ Բայց այդ դեպքում մնում է անպատասխան՝ ո՞վ է համակարգում պետական արձագանքը, երբ նույն ապրանքը հայտնվում է սահմանափակող շուկայի մուտքի կետում։

ԵԱՏՄ-ի հարցը նույնպես մնացել է օդում

«Ժողովուրդը» ՍԱՏՄ-ից հարցրել էր նաև՝ արդյոք ռուսական կողմի սահմանափակումը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակում գործող միասնական բուսասանիտարական կանոններին և ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքներին։

ՍԱՏՄ-ն ըստ էության հրաժարվել է գնահատական տալուց.

«Տեսչական մարմինը քաղաքականության մշակման գործառույթ չունի»։

Սակայն հարցը քաղաքականության մշակման մասին չէր։ Հարցը վերաբերում էր գործող սահմանափակման և ԵԱՏՄ կանոնների համապատասխանության գնահատմանը։

Իսկ քանի՞ նման դեպք է եղել

«Ժողովուրդը» նաև պահանջել էր 2026 թվականի վիճակագրությունը՝ քանի հայկական բուսական արտադրանքի խմբաքանակ է սահմանափակվել Ռուսաստանի շուկայում, վերադարձվել կամ ոչնչացվել։

ՍԱՏՄ-ն կոնկրետ թվեր չի ներկայացրել։

Պատասխանը հետևյալն է.

«Տարվա ընթացքում արձանագրվել են բուսասանիտարական ենթահսկման բեռների հետ կապված որոշ անհամապատասխանություններ, որոնք, սակայն, լուծվել են աշխատանքային կարգով»։

Թե քանի դեպք է եղել, ինչ ապրանքների մասին է խոսքը, ինչ ծավալներով և ինչ ֆինանսական վնաս է առաջացել՝ անհայտ է։ Բայց կարևորն այն է, որ հարցեր կան՝ լուծվում են աշխատանքային կարգով, հարցեր կան՝ գործարարը մնում է միայնակ ՌԴ կամայականությունների դեմ։

Ո՞վ է պաշտպանելու գործարարին

Այս պատմության մեջ ամենաանհարմար հարցը ոչ թե այն է, թե արդյոք գործարարը սխալվել է։

Եթե ռուսական կողմի պնդումները ճիշտ են, պետք է պարզել՝ ով է կեղծել փաստաթղթերը, ինչպես է դա տեղի ունեցել և ով է դրա համար պատասխանատու։

Պատասխանի փոխարեն՝ նոր հարցեր

Այս պատմության փաստաթղթերը մի քանի կոնկրետ հարց են թողնում բաց.

Ինչպե՞ս է ՍԱՏՄ-ն ասում, որ այդ խմբաքանակի մասին տեղեկություն չունի։

Կեղծված փաստաթղթերից որևէ մեկը Հայաստանի պետական մարմնի՞ կողմից է տրամադրվել։

Թե ռուսական սահմանափակման մասին պետությունը տնտեսավարողներին նախապես տեղեկացնում է, ի՞նչ կոնկրետ մեխանիզմ է գործում երրորդ երկրի տարածքով նույն շուկա հասնող բեռների ռիսկերը կառավարելու համար։

Եվ վերջապես՝ երբ արտաքին սահմանափակման հետևանքով հայկական արտադրողի ապրանքը ամբողջությամբ ոչնչացվում է, ո՞ր պետական մարմինն է պատասխանատու նրա շահերի պաշտպանության և վնասի նվազեցման համար։

Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն մեկ գործարարի համար։

39 հազար վարդը փաստացի ոչնչացվել է, որի հետ ոչնչացել է նաև պատասխանատվության շղթան՝ բեռի հետագծից մինչև գործարարի կրած վնասը»։