Foto

Ընտրություններն ավարտվեցին, բենզինի գները սկսեցին աճել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը աչքալուսանք էր տալիս, թե Ադրբեջանից բենզինի ներկրումը նպաստել է շուկայում գների անկմանը: Ավելին, նա բենզալցակայանում «համոզում էր» աշխատակցին՝ ասել, որ բենզինը էժանացել է կամ առնվազն չի թանկացել: Էկոնոմիկայի նախարարն էլ նշում էր, որ բենզինի գները նվազել են մոտ 80 դրամով կամ 15,7 տոկոսով: Եվ իսկապես, մի քանի ամիս բենզինի գները որոշակիորեն նվազեցին, բացառությամբ այն ընկերությունների բենզալցակայաններից, որոնք վառելիք են ներմուծում Եվրոպայից:

Ընտրություններն ավարտվեցին, ու ընդամենը մի քանի օր անց Հայաստանի քաղաքացիներին սպասում էր տհաճ «անակնկալ»՝ վառելիքի գներն սկսեցին աճել, և այսօր արդեն գնաճը կազմում է գրեթե 10 տոկոս: Վերոնշյալ բացառություն կազմող ընկերությունները պահպանել են նույն գները, իսկ մյուսները գրեթե մոտենում են այդ՝ առանց այն էլ բարձր գներին: Երեկվա դրությամբ պրեմիում դասի բենզինի գինը Հայաստանում 570-590 դրամի սահմաններում էր, այն դեպքում, երբ ընտրություններից առաջ մինչև 500 դրամով (որոշ օրերի նույնիսկ 470-490 դրամով) կարելի էր այդ դասի բենզին գնել (Ռեգուլ յար դասի բենզինի գինը նվազել էր մինչև 430-470 դրամ):

Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխվել, արդյո՞ք այլևս Ադրբեջանից բենզին չի ներկրվում, թե՞ պարզապես ընտրություններն ավարտվել են, իշխանությունները հասել են իրենց նպատակին, ու նրանց այլևս ոչինչ չի հետաքրքրում՝ թեկուզ 1000 դրամի հասնի վառելիքի գինը…