Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմային ֆոնի էական բարձրացում:
Սպասվող բարձր ջերմաստիճանի հետևանքով հրդեհների ու պայթյունների առաջացման ռիսկի կտրուկ աճով պայմանավորված ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է բնակչությանը ցուցաբերել առավելագույն զգոնություն:
«Առանձնակի ուշադրություն և խստագույն վերահսկողություն է պահանջվում հատկապես պայթյունավտանգ օբյեկտների տարածքում, մասնավորապես՝ ավտոգազալիցքավորման (ԱԳԼՃԿ) և ավտոբենզալիցքավորման (ԱԲԼԿ) կայաններում:
Տեսչական մարմինը հորդորում է նշված տնտեսվարողներին, պատասխանատու անձանց և քաղաքացիներին․
ցուցաբերել բարձր իրավագիտակցություն և առավելագույն զգոնություն տնտեսվարող սուբյեկտների տարածքում,
խստագույնս վերահսկել գազալցակայանների և բենզալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների անշեղ պահպանումը,
բացառել ծխելու, բաց կրակի օգտագործման կամ կայծ առաջացնող ցանկացած գործողության դեպք,
ապահովել տարածքների ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտ տեխնիկական/հակահրդեհային միջոցների սարքինությունը։
Տեղեկացնում ենք, որ քաղաքացիներից ստացվող ահազանգերն ու բողոքները հիմնականում վերաբերում են լցակայանների տարածքում քաղաքացիների կողմից անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը՝ մասնավորապես ծխելու դեպքերին։
Ուստի բոլոր պատասխանատուներին, քաղաքացիներին հորդորում և խնդրում ենք չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր արտակարգ պատահարներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։
Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն՝ դրանով իսկ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- ասվում է հաղորդագրությունում։









